Զավեն Խաչիկյանի անշնչացած բակն իր ցուցահանդեսում
Մշակույթ
11:44 17/08/2021
Հայաստան

Զավեն Խաչիկյանի անշնչացած բակն իր ցուցահանդեսում

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։

Այն տեղի կունենա օգոստոսի 23-ից սեպտեմբերի 3-ը։

Կազմակերպիչների փոխանցմամբ, լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի  Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:

«Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռնվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող: Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը»,-ասում է Զավեն Խաչիկյանը։

Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներերն են լուսանկարչության և արվեստի  այլ բնագավառների միջև կապերի  զարգացման հարցերի քննարկումը, արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը, լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում  արվեստային գործոնի կարևորումը, պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 18։00։ Բացի այդ, ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի հանրային քննարկում: Նշենք նաև, որ երևանյան ցուցահանդեսին զուգահեռ Գյումրիի Gallery 25 ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում:

«Վերաբերմունք»/ «Einstellung» լուսանկարչական ցուցահանդես -քննարկումներ նախագծի աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանում  «Գյոթե» կենտրոնը և Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության  ազգային կենտրոնը։
 
 

Placeholder
Զավեն Խաչիկյանի անշնչացած բակն իր ցուցահանդեսում