Թուխնակալ ապարանքը վտանգված է
Օրվա թեմա
10:40 18/08/2021
Հայաստան

Թուխնակալ ապարանքը վտանգված է

Թուխնակալ ապարանքը գտնվում է Արցախի Հանրապետության  Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից 1 կմ արևելք և Ղևոնդյաց վանքից 800 մետր հարավ-արևելք։ Ապարանքը տեղակայված է պատմական Վարանդա գավառի Թուխնակալ գյուղատեղում, անտառամերձ լեռնալանջի վրա։

Ապարանքը կառուցվել է 18-րդ դարի վերջերին։ Թե գյուղատեղու և թե ապարանքի վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Հարակից գյուղերի բնակիչները ապարանքը վերագրում են Մելիք-Դոլուխանյաններին։ Մելիքական շրջանի պատմական աղբյուրներում բացակայում է Դոլուխանյան տոհմանունը, սակայն 19-րդ դարի երկու վիմագիր փաստում են Մելիք-Դոլուխանյանների Վարանդա գավառում ունեցած բարձր դիրքի և իշխանության մասին։

Ապարանքը կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով։ Բացառություն են կազմում մուտքի, պատուհանների, բուխարիի և կամարների եզրաքարերը։ 

monumentwatch.org-ը հայտնում է, որ Թուխնակալ ապարանքը արցախյան պատերազմի ընթացքում չի տուժել, սակայն ադրբեջանական օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը ինչ-որ «շինարարական» աշխատանքներ է տանում համալիրի մոտակայքում, և բուլդուզերների կողմից հողի հարթեցման աշխատանքները հասել են համալիրի պահպանական գոտուն։  Այդ մասին փաստում է monumentwatch.org-ի գործընկերների՝ caucasusheritage.cornell.edu կողմից ստացված արբանյակային լուսանկարները (լուսանկարների աղբյուրը՝ այստեղ): 

Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի և դրան կից առաջին արձանագրության, գրավյալ տարածքներում  գրավող պետությունը պարտավոր է արգելել, կանխել և, եթե անհրաժեշտ է, խափանել մշակութային արժեքների գողության, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն։

Ըստ նույն կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Իսկ մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-յի, ԻԿՕՄՈՍ-ի և այլ փաստաթղթեր արգելում  են  ժառանգության ձևի, տարրերի, գործառույթի, արտաքին և ներքին բնույթի  ցանկացած փոփոխություն, որոնք խաթարում են ժառանգության պահպանության իսկության, ամբողջականության, մշակութային կարևորության և բացառիկության միջազգային հիմնարար սկզբունքները։

Placeholder
Թուխնակալ ապարանքը վտանգված է