Այս ամենի հիմքում քաղաքական պատվերն է. Մենուա Հովսեփյանի պաշտպան
Իրավունք
12:31 19/08/2021
Հայաստան

Այս ամենի հիմքում քաղաքական պատվերն է. Մենուա Հովսեփյանի պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ բավարարել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ 

Panorama.am-ի հետ զրույցում Մ. Հովսեփյանի պաշտպանական թիմից Արմեն Մելքոնյանն ասաց, որ դատավորի որոշման հիմքում շաբլոն ձևակերպումներ էին՝ հնարավոր է ապօրինի ազդեցություն ունենա մնացած վկաների վրա, խոչընդոտի քննությանը, թաքնվի, որոնք իրականության հետ աղերս չունեն:

Նիստին ներկա Մենուա Հովսեփյանը, ըստ պաշտպանի, հանդես է եկել հակիրճ խոսքով՝ ընդգծելով, որ ամեն ինչը շինծու է, որևէ հանցանք չի կատարել:

Գորիսի փոխհամայնքապետը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ:

Ա. Մելքոնյանը հայտնեց, որ վերաքննիչ բողոք կներկայացնեն, սակայն եթե նորից գործի ապօրինի կարգը, այսինքն եթե գործը համակարգիչը չմակագրի դատավորին, ապա անիմաստ կհամարեն ներկայանալ նիստին:

«Մեզ համար պարզ է, թե ինչ է տեղի ունենում. ընտրովի դատավորներին մակագրում են, ինչ ուզում ես գրած եղիր, նրանք մի բան գիտեն՝ բողոքը պետք է մերժեն:

Եթե համակարգիչը մակագրի, իհարկե, կգնանք իրավական  ճանապարհով»,- ասաց Մ. Հովսեփյանի պաշտպանը:

Արմեն Մելքոնյանը Մենուա Հովսեփյանի նկատմամբ տեղի ունեցածը համարում է քաղաքական պատվեր. «Այն քայլերը, որոնք ձեռնարկվել են, իրենց հաջորդականությամբ, իրենց տրամաբանության մեջ միայն հիմք են տալիս ենթադրելու, որ այս ամենի հիմքում քաղաքական պատվերն է:

Նկատի ունենամ Մենուայի հայտարարությունները, հայացքները, որևէ այլ բան չկա:  Մենուա  Հովսեփյանն ազնիվ, իր հայրենիքին, երկրին նվիրված անձ է, որը միայն խոսքով չի ցույց տվել, այլ իր արածով, ապրածով շատ բան է արել հայրենիքի, այդ թվում Գորիսի համար:

Այս երկիրը նորմալ չի գնահատել նրան:

Տեսել եմ Մենուային պատերազմի ժամանակ, պատերամից հետ: Այն տիտանական աշխատանքը, որ արել է Գորիսում, անմարդկային մի աշխատանք էր, զարմանում էի անգամ, թե ոնց է կարողանում կանոնակարգել այդ ամենը»:

Պաշտպանի խոսքով, պատերազմի ընթացքում  բացի զուտ պատերազմական պրոբլեմներից, 13 հազար արցախցի տեղափոխվեց Գորիս, ամիսներ շարունակ բնակվեցին այնտեղ:

«13 հազար մարդու համար օրը երեք անգամ հաց կազմակերպելը, մյուս պահանջները հոգալն այդ ամենը Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսփյանի և Իրինա Յոլյանի ուսերին էին: Այդ մարդիկ այս ձևի շնորհակալության արժանացան՝ Մենուային կալանավորեցին, Իրինայի նման մարդը ձեռնաշղթաներով, 20 ավտոմատավորների ուղեկցությամբ ձերբակալվեց ու Պազիկով տեղափոխվեց»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը, Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են օգոստոսի 17-ին: Դատարանի որոշմամբ Մենուա Հովսեփյանը կալանավորել է երկու ամսով, Իրինա Յոլյանն ազատ արձակվել:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանին նաև 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական օրենսգրքի 179 հոդվածը վերաբերում է՝ յուրացնելուն կամ վատնելուն:
Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածը վերաբերում է՝  Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն։

Placeholder
Այս ամենի հիմքում քաղաքական պատվերն է. Մենուա Հովսեփյանի պաշտպան