Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տեսլական եք ներկայացնում, բայց մարդկանց կյանքի տարրական իրավունքի հարցը չեք կարողանում լուծել. Թովմասյանը՝ Փաշինյանին
«Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը սնուցող ջրամբարում, որի ջուրը ներկայում դատարկված է, այժմ գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, դրան այլընտրանքային տարբերակ մշակվե՞լ է»,- կառավարության 2021-26 թթ. գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ Կութ համայնքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մոտ 80 գլուխ անասուն են հափշտակել և մինչև հիմա չեն վերադարձրել:
«Քննարկում ենք կառավարության ծարգիրը, խոստումներ և տեսլական եք ներկայացնում և ստացվում է, որ տարրական անվտանգային և մարդկանց կյանքի իրավունքը չեք կարողանում պահպանել և չեք կարողանում մարդկանց սեփականության իրավունքը պաշտպանել»,- հայտարարեց Թովմասյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդունեց Թովմասյանի բարձրացրած հարցերի տրամաբանությունը, տեղեկացրեց, որ հակամարտության ընթացքում հազարավոր անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել:
«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշարջան բացելու մասին, խոսում ենք ձեր առաջ քաշած օրակարգը սպասարկելու մասին»,- հայտարարեց Փաշինյանը և խոստացավ, որ Այգեպարի նման փոխհատուցելու է մյուս տուժած համայնքներին:
Կառավարության ղեկավարը չանդրադարձավ անվտանգային խնդիրներին՝ պնդելով, որ իր ելույթում այդ մասին արդեն բարձրաձայնել է:
Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ կա սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց անվտանգության, կյանքի իրավունքի խնդիր և դեռևս որևէ շոշափելի քայլ դրանց լուծման ուղղությամբ չեն կարող տեսնել և արձանագրել:
Նա նաև Փաշինյանին փոխանցեց լրագրողների դժգոհությունը, որոնք ԱԺ-ի օթյակում բողոքի ձայն էին բարձարցնում:
Թագուհի Թովմասյանը, փորձելով որպես նախկին լրագրող Փաշինյանի ուշադրությունը հրավիրել, որ նաև նրա՝ լրագրող աշխատելու տարիներին ԱԺ-ում երբեք լրագրողի աշխատանքի այսպիսի տարբերակված մոտեցում և սահմանափակում չի եղել, ցանկացավ լսել նրա կարծիքը:
«Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման առաջարկ ունենք, մենք կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություն առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, երբ լրագրողներն իրենք իրենց գործունեության որոշակի կանոններ կմշակեն և իրենք կհետևեն այդ կանոնների ներկայացմանը»,- հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Մենք շատ աննախադեպ իրավիճակներ ունենք և նաև այսօր՝ ԱԺ-ում, և կառավարությունը պետք է և ստիպված է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով»:
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացիները նաև իրավունք ունեն իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն և հստակ լինի, թե լրագրողը լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե՞ քաղաքական ֆրակցիայի կամ շրջանակի ներկայացուցիչ է:
Իր խոսքի վերջում Նիկոլ Փաշինյանը բնական համարեց, որ նման տարածաշրջանային իրավիճակում Գեղարքունիքում կամ այլ սահմանամերձ հատվածներում բնակիչները ենթարկվում են հարձակման և այն լուծելու համար խաղաղության օրակարգ պետք է հաստատվի: