Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ժողովրդավարություն ասելով նկատի ունեք լրագրողներից ձեր պանիկ փախուստը. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
«Այն, ինչ ընդամենը մեկ նիստ առաջ տեղի ունեցավ այստեղ, ոչ թե ժողովրդավարութան անշրջելիությունն էր, այլ՝ ժողովրդավարության ֆիասկոն»,- անդրադառնալով պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ և այն կատարվեց ԱԺ նախագահի և Փաշինյանի սադրանքով, ինչի հետևանքով իր երկու գործընկեր պատգամավորները ստացել են մարմնական վնասվածքներ, և դրանք առհասարակ պառլամենտարիզմի հետ կապ չունեն:
Գալստյանի խոսքով, Աժ-ում սահմանափակվեց քաղաքական խոսքի ազատությունը, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ:
«Դուք ոչ միայն երկրորդ անգամ չափսոսացիք կատարվածի համար որպես «ժողովրդավարության ջատագով», այլ դուք այդ հանցագործությունը քաջալերեցիք»,- հայտարարեց պատգամավորը և ճիշտ համարեց ընդդիմության սառնասիրտ պահվածքը, ինչի արդյունքում նոր սադրանքին տեղի չտրվեց:
Պատգամավորը հարցրեց Նիկոլ Փաշինյանին. «Դուք իսկապե՞ս համոզված եք, որ ձեզ հաջողվել է ժողովրդավարություն կառուցել և պատերազմող երկրի՝ իբրև առաջին նվաճում թափահարում եք ժողովրդավարությո՞ւնը»:
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը ընթերցեց կառավարության 2021-26 թթ. գործունեության ծրագրի մի հատվածը. «Միաժամանակ ժողովրդավարության թյուր ընկալումը, որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար, լրջագույն սպառնալիք է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար»:
Ըստ Փաշինյանի՝ իրենք օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ են ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի են կոչելու այն:
«Ես ուրախ եմ ու համոզված եմ, որ ՊՊԾ-ն այս դահլիճում և այս դահլիճից դուրս որևէ մեկին անգույշ չի քաշքշի, առավել ևս՝ զուգարաններում, բայց որևէ մեկը կասկած չունենա, որ ՀՀ-ում իրավակարգը, օրինականությունն ամենակոշտ մեթոդներով պահպանվելու են»,- հայտարարեց կառավարության ղեկավարը և նկատեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ընդունվել է նախկին իշխանությունների օրոք և իրենք իրականացնելու են այն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, մատնանշելով իշխանական պատգամավորների կողմը, արձագանքեց. «Ինձ թվում է՝ ժողովրդավարություն ասելով դուք նկատի ունեք ձեր իշխանության ամրապնդումը, լրագրողներից ձեր պանիկ փախուստը, հեռախոսային արդարադատությունը, վնգստացող և ծեփված դատավորներին, քաղաքական պատանդ մեր երեք գործընկերներին և այն նախամարդու մուրճը, որ լավ կանեիք, մի կանգառ էլ այն հատվածում թափահարեիք»: