2018-ից հետո մեր երկրում արձանագրվում է կապիտալի փախուստ. Թադևոս Ավետիսյան
Տնտեսություն
11:00 25/08/2021
Հայաստան

2018-ից հետո մեր երկրում արձանագրվում է կապիտալի փախուստ. Թադևոս Ավետիսյան

«Իշխանական խոստումները վերաբերում են 2026 թվականին, խոստանում են ՀՆԱ-ն տարեկան ավելացնել 7 տոկոսով, օտարերկյա  ուղղակի ներդրումներ-ՀՆԱ հարաբեակցությունը հասցնել 6 տոկոսի»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության հնագամյա ծրագիրը, ներկա է Նիկոլ Փաշինյանը, ով երեկ ներկայացրեց այն:

Թ. Ավետիսյանն մի քանի թվեր ներկայացրեց՝ հիշեցնելով ինչ էր խոսատացել այս իշխանությունը 2018-ին և ինչ կա հիմա:

«2018 թվականին խոստանում էիք մինչև 2050 թվականը ՀՆԱ-ի միջին տարեկան 9,5 տոկոսանոց աճ, օտարերկրյա ներդրումների բում: Ի՞նչ եղավ:

2017 թվականին փաստացի ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով, իսկ 2018 թվականի հունվար-ապրիլին՝ ՀՆԱ-ի աճը հասել էր արդեն 9,5 տոկոսին: Սակայն իշխանափոխությունից հետո ՀՆԱ-ի աճը նվազեց ու 2018-ն ամփոփվեց 5,6 տոկոսով, 2019-ը՝ ձեր ոսկեդարը, փակվեց 7,6 տոկոս աճով:

Սակայն 2020-ին ՀՆԱ-ն կրճատվեց 7,4 տոկոսով, շուրջ 2,5 անգամ ավելի, քան համաշխարհային տնտեսությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հայտարարեց, որ 2018 թվականից հետո մեր երկրում արձանագրվում է կապիտալի փախուստ, ինչը ՀՆԱ-ի աճի հիմնական գործոններից է:

«2019 թվականին նախորդ տարվա համեմատ օտարերկյա ուղղակի ներդրումների ներհոսքն ուղղակի նվազեց  0,4 տոկոսով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն արդեն 42 տոկոսով: Վերաներդրումները նույնպես նվազել են 30 տոկոսով»,- ասաց Թ. Ավետիսյանը:

Համեմատության համար պատգամավորը նշեց՝  2019 թվականին Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավելի չափով օտարերկյա ուղղակի ներդրումների ներհոսք, քան Հայաստանում:

«2020 թվականին գրանցվեց արդեն օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական զուտ ներհոսք, այսինքն, սա  կլասիկ կապիտալի փախուստ է երկրից և դա քիչ չէ՝ 7,1 միլիարդ դրամի չափով:

2021 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն ընդամենը 35 միլիոն դոլար է կազմել՝ ձեր տված միլիարդավոր դոլարի հասնող խոստումների փոխարեն»,- ասաց նա:

Թ. Ավետիսյանը նաև նշեց, որ պետական պարտքի բեռը շարունակաբար ավելացնում են, ինչը սահմանափակում է երկրի զարգացման ապագա հնարավորությունը:

«2018-20 թվականին ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքն աճել է 27 տոկոսով  շուրջ 10 անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն:

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2017-ին եղել է 55,7 տոկոս և կառավարելիության տիրույթում, սակայն դրանից հետո մինչև 2020 թվականը աճել է  թռիչքաձև ու դարձել է 67,3 տոկոս՝ մտնելով անկառավարելիության դաշտ:

2020 թվականի սկզբի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում ևս 10,3 տոկոսով կամ շուրջ  625 միլիոն դոլարվ աճել է ՀՀ արտաքին պարտքը»,- թվերը ներկայացրեց ընդդիմմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց՝ իշխանափոխությունից առաջ ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հիմա ամեն երրորդ. «2018-ին թվականին էլ էիք խոստացել, որ վերացնելու եք ծայրահեղ աղքատությունը, բայց ստացվել է  հակառակը՝ այն աճում է նաև ահագնացող գնաճի և անկառավարելի գնաճի հետևանքով»:

Սոցիական պաշտպանության հասեցականության մասին խոսելիս նա նշեց, որ  այս իշխանությունն անընդհատ խոսում է այդ մասին, սակայն արդյունքներ չկան:

«Սոցիական  պաշտպանության բովանդակային բարեփոխումները  հիմնականում  ձևակերպել էիք ցանկությունների մակարդակում, չկան արդյունքային չափելի թիրախներ: Նախորդ երեք տարիներին այդ  ուղղությամբ կատարված աշխատանք և շոշափելի որէև արդյունք էլ չեք մատնանշում, քանի որ իրականում չկան դրանք»,- ասաց Թ. Ավետիսյանը:

Իր ելույթի վերջում նա ընդգծեց. «Այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են  գոյատևման խնդրի առջև և շարունակաբար կատարում են ընդամենն իրավիճակից բխող լուծումներ  առանց  հիմանական և հեռանկարային ծրագրերի, հետևաբար  այն համոզման եմ, որ կառավարության կողմից ներկայացված  սոցիալ-տնտեսական ցանկացած ծրագիր ձախողված է ի սկզբանե»:

Placeholder
2018-ից հետո մեր երկրում արձանագրվում է կապիտալի փախուստ. Թադևոս Ավետիսյան