ՀՀ-ն հյուրընկալելու է Բոլոնիայի հետամուտ խմբի ղեկավար խորհրդի 77-րդ առցանց նիստը
Կրթություն, գիտություն
20:24 31/08/2021
Հայաստան

ՀՀ-ն հյուրընկալելու է Բոլոնիայի հետամուտ խմբի ղեկավար խորհրդի 77-րդ առցանց նիստը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների կազմը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են աշխատանքային խմբի հետ՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող համաժողովներին, հանդիպումներին և այլ միջոցառումներին Հայաստանի պատշաճ ներկայացվածության և ակտիվ մասնակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ներկայացնելով հետամուտ խմբի աշխատանքից իր ակնկալիքները, նշել է, որ  պահանջվում է եռամսյա պարբերականությամբ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն ներկայացնել քննարկվող հարցերի, ոլորտում նախատեսվող միտումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և առաջարկություններ ոլորտի հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ՝ ըստ խմբերի աշխատանքային ուղղվածության։

Բացի վերոնշյալից՝ հետամուտ խմբի ներկայացուցիչները պետք է ձեռնարկեն միջոցներ ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության սկզբունքներին համահունչ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի լավագույն փորձի համապատասխանեցման, ինչպես նաև եվրոպական գործընկերներին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ոլորտի ձեռքբերումների հաջողված փորձի ներկայացման ուղղությամբ։

«Հաշվետվողականությունը և պարբերական աշխատանքային քննարկումները չափազանց կարևոր են մեր երկրում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու և առաջիկա անելիքները հստակեցնելու տեսակյունից։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մշակել հստակ գործիքակազմ բարձրագույն կրթության ոլորտի համար սահմանած նպատակներն առաջ տանելու և ժամանակին համընթաց շարժվելու համար»,- ասել է Կարեն Թռչունյանը։

Արթուր Մարտիրոսյանը ևս ընդգծել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին համահունչ աշխատելու կարևորությունը․ «Բոլորս նախանձախնդիր ենք համատեղ աշխատանքի միջոցով միջազգային գործընթացներում Հայաստանը հավուր պատճաշի ներկայացնելու հարցում։ Սա աշխատանքային խմբերի նվազագույն առաջադրանքն է։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հստակ գործիքակազմ՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն առաջ տանելու և եվրոպական փորձը նախարարության ռազմավարությանը համահունչ ներդրնելու նպատակով։ Սա մեծ պատասխանատվություն և համատեղ աշխատանք է պահանջում»։

Այս տարի՝ հոկտեմբերի 21-ին, Հայաստանը հյուրընկալելու է Բոլոնիայի հետամուտ խմբի ղեկավար խորհրդի 77-րդ առցանց նիստը, ինչը ևս, ԿԳՄՍ փոխնախարարների գնահատմամբ, ծավալուն աշխատանք է պահանջում։ Այդ համատեքստում քննարկվել են նիստի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները՝ մեկ անգամ ևս ընդգծելով դրական արդյունքի հասնելու համար նվիրվածությամբ և պատասխանատվությամբ աշխատելու անհրաժեշտությունը։

Placeholder
ՀՀ-ն հյուրընկալելու է Բոլոնիայի հետամուտ խմբի ղեկավար խորհրդի 77-րդ առցանց նիստը