Այս իրավիճակի միակ լուծումն Արմեն Չարչյանի կալանքն անհապաղ վերացնելն է. Արամ Վարդևանյան
Քաղաքական
21:04 03/09/2021
Հայաստան

Այս իրավիճակի միակ լուծումն Արմեն Չարչյանի կալանքն անհապաղ վերացնելն է. Արամ Վարդևանյան

«Հանդիպեցինք պարոն Չարչյանի հետ։ Իսկապես «Վարդաշեն» ՔԿՀ ղեկավար կազմի վերաբերյալ որևէ մտահոգություն չունենք՝ իրենց պարտականությունները պատշաճ կատարում են, բայց բավականին անհանգստացնող, շատ ծանր վիճակում է  Արմեն Չարչյանի առողջական վիճակը»,- լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցելուց հետո հայտնեց խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ եթե շաքարային դիաբետ ունեցողները նորմայում 50-60 միավոր ինսուլին են ստանում, պարոն Չարչյանը 90 և ավել չափաբաժին է ընդունում:

«Պարոն Չարչյանը, իր բնավորության համաձայն, չի պնդում, որ մասնավոր բժշկական հիմնարկ տեղափոխեն, բայց մյուս կողմից դա պետության պոզիտիվ պարտականությունն է։ Այս իրավիճակի միակ լուծումը  կալանավորումն անհապաղ պետք է վերացվի»,- ասաց Ա. Վարդևանյանը։

Նա նշեց, որ հարգանք կա անձնակազմի կողմից Չարչյանի նկատմամբ, բայց նրա առողջությունը դրանով չի վերականգնվելու, այն առողջությունը, որ այս աստիճանի վատթարացել է կարճ ժամանակահատվածում

«Պատահական չէ, որ ըստ ՀՀ օրենսդրության կան իրավիճակները, երբ կալանքն անհամատեղելի է մարդու առողջական վիճակի հետ։  Հենց այդ դեպքերից մեկը Արմեն Չարչյանի դեպքն է: Խոհեմության, մարդասիրության, իրավունքի գերակայության վրա եմ որոշակի հույս դնում, որ նրա խափանման միջոցն անհապաղ կվերացվի: Հիմքեր չկան կալանքի տակ պահելու համար, ավելին՝ վկաները բարենպաստ ցուցմունքներ են տվել դեպքի վերաբերյալ»,- ասաց նա։

Արամ Վարդևանյանն ասաց, որ դատախազությունն այսօրվա դրությամբ մեկ առաքելություն ունի՝ անգործություն։

Նա նաև հայտնեց, որ ՔԿՀ-ում հանդիպել են նաև «Հայաստան» խմբակցության կալանավորված մյուս երկու պատգամավորների՝ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի հետ:

Հիշեցնենք, որ հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, չնայած առողջական վատ վիճակին, քաղաքացիական հիվանդանոցից այսօր տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ «Հայաստան» դաշիքնի անդամները ի նշան բողոքի «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ էին հավաքվել։

Placeholder
Այս իրավիճակի միակ լուծումն Արմեն Չարչյանի կալանքն անհապաղ վերացնելն է. Արամ Վարդևանյան