Անահիտ Ավանեսյանը նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու թեման
Առողջություն
13:06 08/09/2021
Հայաստան

Անահիտ Ավանեսյանը նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու թեման

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգով վարչապետին, նախարարներին, ՀՀ նախագահին և պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու փաստին, հայտնեց, որ նախարարները և փոխնախարարները բոլորն արդեն պատվաստված են։

Նա հավաստիացրեց, որ նախագծում կարգավորված է հանրային ծառայողների պարտավորությունները, իսկ լրագրողի հիշատակած պաշտոնյաները քաղաքական պաշտոններ են զբաղեցնում:

Նախարարը, սակայն նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու հարցը:

Ըստ հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտնող կարգի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, հակառակ դեպքում ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի արդյունք պետք է ներկայացվեն։

Անահիտ Ավանեսյանը, հայտնելով, որ կարգը չպահպանելու դեպքում տույժեր կկիրառվեն, շեշտեց. «Տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի՝ որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»։

Առողջապահության նախարարի կարծիքով, պատվաստվել պարտադրելը չի խախտում մարդու սահմանադրական իրավունքը և հիմնավորեց, որ այն արվում է օրենքների շրջանակներում, մասնավորապես՝ «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքում նորմեր կան, որոնց հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր:

«Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը։

Placeholder
Անահիտ Ավանեսյանը նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու թեման