Մեղավորների բուրգ ունենք, գագաթում Ջալալ Հարությունյանն է. Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների հարազատներ
Հասարակություն
13:14 09/09/2021
Հայաստան

Մեղավորների բուրգ ունենք, գագաթում Ջալալ Հարությունյանն է. Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների հարազատներ

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողներն ինքնուրույն հետաքննություններ անցկացնելով մանրամասներ են պարզել, հասկացել են, թե ովքեր են անմիջական պատասխանատուն և մեղավորը կատարվածի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին զինծառայողների հարազատները՝ հայտնելով մանրամասներ:

Նրանք նախ նշեցին, որ խոսքը Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի Դ-20 հրետանային դիվիզիոնի վերաբերյալ է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, 21 զինծառայող անհետ կորել էր:

«21 հոգուց 15-ը հաստատ զոհված են: Ներկա դրությամբ հուղարկավորված է 9 հոգի, մյուսների մարմիններ չկան»,- ասաց զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը:

Նա  հայտնեց, որ իրենց դիմումների համաձայն քրեական գործ է հարուցվել, օրերս  ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանը ձերբակալվել է:

«Մարտական գործողությունները սկսելով՝ դիվիզիոնը զորամասի կազմում զբաղեցրել է իր կիրառման շրջանը, որը գտնվում էր Աղդամի ուղղությամբ, այնուհետև զբաղեցրել է իր հիմնական  կրակային դիրքերը՝ Վազգենաշեն բնակավայրի շրջանում: Այնտեղից կատարել է իր մարտական գործողությունները մինչև հոկտեմբերի 5-ը: Հոկտեմբերի 5-ին խնդիր է ստացել երթ կատարել Հադրութի ուղղությամբ, որտեղ մեր ստորաբաժանումները, զորամասերը բավականին ծանր վիճակում էին հայտնվել: Դիվիզիոնը Հադրութի շրջանում զբաղեցրել է կրակային դիրք Ջրաշխարհ  կոչվող տեղամասում, այնտեղ կահավորել կրակային դիրքը, սակայն  վերադաս հրամանատարության կողմից պաշտպանության բանակի հրետանու բանակի ցուցումի համաձայն նրանք առաջ են շարժվել դեպի Հադրութ քաղաք: Անցնելով քաղաքը՝  9-րդ կմ կոչվող տեղամաս կա, այդ շրջանում կրակային դիրք են զբաղեցրել:

Պարզվել է, որ  այդ կրակային դիրքերը զբաղեցնում են հակահարված իրականացնելու համար»,- պատմեց Ա. Ասրյանը:

Նրա կածրիքով, հակահարված իրականացնելու որոշում ընդունողները կոպիտ խախտում են իրականացնել, քանի որ հակահարված իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն երեք պայմանի ապահովում՝ հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, սակայն կանգնեցված չի եղել և շարունակել է իր առաջխաղացումը, հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, հետագայում համոզվել են, որ ունեին ռեզերվներ, երրորդ՝ հայկական կողմը պետք է ունենար բավականին ռեզերվներ հակահարված իրականացնելու համար:

«Այս երեք պայմաններից  ոչ մեկը չի ապահովվել  և փաստորեն բանակի ղեկավարությունը մարտի դաշտ է նետել իր վերջին ուժերը՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը և 49-րդ  առաձին տանկային բրիգադը: Այդ երկու զորամասերը տարիներ շարունակ այդ տարածքում որևէ մարտական գործողությունների  վերաբերյալ զորավարժություններ չեն իրականացրել, որևէ կրակային բնագիծ, տեղանքի ուսումնասիրում այդ տարածքում չեն իրականացրել: Այսինքն՝ նրանց համար այդ տեղանքը լրիվ  անծանոթ էր և թեժ մարտական գործողությունների ընթացքում, իհարկե, մեծ հավանականություն էր շփոթվել և կատարել կոպիտ սխալները, ինչը տեղի է ունեցել:

Մեր վերջին ամենաուժեղ ուժերը նետել են հակահարված կոչեցյալ օպերացայի մեջ և գլխովին շարքից հանել: Թերևս սա մի պատճառ է դարձել հակառակորդի հետագա բարեհաջող հարձակումների համար: Ո՞վ  է սրա պատասխանատուն:  Իհարկե, բանակի ղեկավարությունը և այդ հակահարվածի որոշում ընդունողները»,- ասաց զոհված զինծառայողի հայրը: 

Ա. Ասրյանի ներկայացմամբ, հակահարվածի ձախողումից հետո այդ դիվիզիոնը  9-րդ կմ տեղանքից մազապուրծ կարողանում է  դուրս պրծնել՝ այնտեղ թողնելով որոշակի տեխնիկա, գույք, քանի որ  արդեն հրաձգային զենքի կրակոցներ էին լսվում, իսկ հրետանին գտնվելով բավականին խորքում, չպետք է այդ կրակոցների ձայնը լսեր, այսինքն հակառակորդը մոտ էր գտնվում և իրենց  հրամանատարությունը զեկուցելով վերադասին՝ ասել է, որ կրակային դիրքը թողնում են, այլևս այստեղ անվտանգ չէ:

«Մի կերպ դուրս գալով՝ հետ են վերադառնում Ջրաշխարհ տեղամաս, որտեղ ունեին  կրակային դիրքեր, սակայն  հրամանատարությունը, հանձինս բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի, ցուցում է տալիս, որ շատ են հետ գնացել, դեպի առջև ընտրեն կրակային դիրք, որպեսզի խնդիրներ կատարեն: Դիվիզիոնի հրամանատարը, այդ զորամասի հրետանու պետը ուսումնասիրում են տեղանքն ու կրակային դիրք են ընտրում Ջուվառկու կոչվող տեղամասում: Դա հոկտեմբերի 8-9 էր:

Կրակային դիրքը կահավարում են, զբաղեցնում կրակային դիրք, սկսում են  խնդիրներ կատարել: Երկու օր թեժ մարտերի ընթացքում դիվիզիոնի 3-րդ մարտկոցը ԱԹՍ-ի կողմից խոցվում է:

Թույլտվության վերցնելով բանակի հրետանու բաժնից՝  դիվիզիոնը հետ է նահաջում, նորից կրակային դիրք զբաղեցնում Ջրաշխահ տեղամասում: Մի քանի ժամ անց կրկին գնդապետ  Բաղդասարյանի կողմից ցուցում է  տրվում՝ այդ ինչ եք արել, շատ եք հետ գնացել,  առաջ գնացեք, այլ տեղ ընտրեք, բայց այդ ժամանակաշրջանում թեժ մարտեր էին ընթանում և այլ տեղ ընտրելն ու կահավորելը հնարավոր չէր: Բաց տարածությունում կրակային դիրք զբաղեցնելն առանց թաքստտոցների՝ հավասարազոր էր ինքնասպանության

Դիվիզիոնը կրկին զբեղվում է Ջուվառլուի կրակային դիրքը, շարունակում կրակային խնդիրներ կատարել կրկին Հադրութի ուղղությամբ:

Արդեն մի պահ հեռահարությունը կրակելու 4,5-5 կմ էր կազմում, ինչը կարճ տարածություն է  հատկապես այդ խառնաշփոթ պարագայում»,- մանրամասն ներկայացրեց Ա. Ասրյանը:

Նա նշեց, որ դիվիզիոնի հրամանատարությունը մի քանի անգամ խնդրել էր բանակի հրետանուց իրենց կողմնորոշեն, նշեն, թե որտեղ է գտնվում հակառակորդը, քանի որ որևէ տվյալ չէին կարողանում ստանալ, զորամասը մասնատված էր, ինչը ևս  բանակի հրամանատարության «գեղեցիկ» ղեկավարման արդյունքն էր: Ըստ նրա,  կրակային խոցման խնդիրներ անմիջապես դիվիզիոնին տրվում էր բունկերից:

«Հոկտեմբերի 12-ին երեկոյան մոտ դիվիզիոնի դիտակետը հեռու մատույցներում դիտարկում է ինչ որ խմբի շարժ դեպի իրենց կողմը: Հրետանու պետ փոխգնդապետ Հայրապետյանը զեկուցում է բանակի հրետանու պետին, որ դեպի իրենց ինչ-որ խմբի շարժ կա, ցանկանում են ճշտել պատկանելիությունը, ովքեր են նրանք, քանի որ այդ ժամանակահատվածում այնպիսի խառնաշփոթ էր, հակասական տեղեկատվություններ էին տարածվում մեր զորքի, հակառակորդի զորքի տեղակայման վերաբերյալ: Այդ ընթացքում դիվիզիոնի հրամանատարը չի սպասում պատասխանի ու հրամայում է  կրակային դիրքերը թողնել: Այդ ընթացքում խորացված հրամանատարական կետից գալիս է հետևալը՝ այդ խումբը մերոնք են, նայեք չկրակեք:Դիվիզիոնի հրամանատարը կասկածում է, հրետանու պետից պահանջում է  ևս մեկ անգամ ճշտել: Նույն պատասխանն են ստանում՝ նրանք մերոնք ենք:

Հետագայում հանդիպելով Գենադի Բաղդասարյանի հետ, հարցնելով, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը, ասել էր՝ ստանալով այդ զեկույցը մարտական դիրքերից, ինքը զեկուցել է բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, ասելով, որ կա զորքի տեղաշարժ դեպի այդ դիվիզիոնի ուղղությունը, խնդրել է ճշտել ովքեր են: Նա նշել է, թե Ջալալ Հարությունյանի ասելով մերոնք են,  այդ նույն  հրամանը Գենադի Բաղդասարյանը փոխանցում է  հրետանու կառավարման կետ, այնտեղից էլ փոխանցվում է դիվիզիոնի հրամանատարությանը:

Դիվիզիոնի հրամանատարությունը երկրորդ անգամ լսելով, որ յուրայիններն են, թուլացնում են առաջ եկող խմբի նկատմամբ հսկողությունը: Չեն կրակում, հակառակը դիվիզիոնը, որը պատրաստվում էր դուրս գալ կրակային դիրքերից, չեղյալ է համարել այդ հրամանը, ստորաբաժանումը մնաց այնտեղ:

Հակառակորդը վերևի մասից է եկել ու սկսել է շատ մեծ կրակային ազդեցություն գործել առաջին մարտկոցի վրա: Չեմ կարող պնդել, որ մեր համազգեստով է եղել թշնամու խումբը, բայց չի բացառվում:  Թվաքանակ չեմ կարող ասել»,- պատմեց զինծառայողի հայրը:

Նա նշեց, որ երկրորդ մարտկոցը աջաթևյան կողմում է եղել, կարողանում է առանց որևէ մի խոչընդոտի դուրս գալ այտեղից ու նահանջել:  Դիվիզիոնի շտաբը պետը, ասուլիսին ներկա ծնողների խոսքով,  գտնվել էր երկու մատկոցների արանքում փլված տների ետևի մասում.«Երբ արդեն պարզ է դառնում, որ հակառակորդն է ու սկսվել է ինտենսիվ փոխհաձգություն, հրամայել էր՝ դուրս եկեք ով ինչպես կարողանում է: Այդ հրամանը լսելով՝ դիվիզիոնի  շտաբի պետ մայոր Գևորգ Գևորգյանը,  անմիջապես իր զբաղեցրած տեղից փախուստի է դիմում, չի նահանջում: Նույնիսկ մեկ զինծառայող չի հասցնում նստել իր մեքենան, թողնում է  այնտեղ: Նրան հաջողվում է  դուրս գալ: Ասում է՝ իմացել է, թե  բոլորը նստել են մեքենան: Մեզ այդպես է պատմել»:

Ծնողները նշեցին, թե ովքեր են այս ամեն ինչում մեղավոր:

«Գևորգյանին մեղադրում ենք, իր մեղավորություն  ունի, բայց այնպես չէ, որ լրիվ ինքն է մեղավոր: Մեղավորների բուրգ ունենք, գագաթում Ջալալ Հարությունյանն է իր սխալ տեղեկատվությամբ: Հոկտեմբերի 10-ին արդեն թուրքերը մտած են եղել Հադրութ: Ինքը լինելով հրամանատար՝ պետք է կասկածելու տեղիք ու ինքնուրույն որոշում ընդունելու հնարավորություն տար:

Երկրորդ մեղավորը՝ բանակի նախկին հրետանու պետ գնդապետ Գենադի Բաղդասարյան: Մեղադրում ենք քիթը խոթելու անմիջապես այդ կրակային դիվիզիոնի ղեկավարման մեջ, պետք է ցուցումներ տար զորամասի հրամանատարությունը, կրակային խնդիրների հրամանն իր կողմից էր հնչեցվում:

Չեմ կարող ասել դիտավորություն է, թե ոչ: Բայց ուզում է  դիտավորություն լինի, անփույթ վերաբերմունք լինի, միանշանակ պետք է  նրանք պատասխանատվության ենթարկվեն:

Գևորգ Գևորգյանին էլ ենք մեղադրում, քանի որ լինելով դիվիզիոնի շտաբի պետ, առաջինն է փախուսի դիմել, մինչդեռ պարտավոր էր ապահովել այդ ստորաբաժանումների կանոնավոր դուրս գալը:

Պայքարելու ենք, որ արդարությունը լիարժեք լինի, գիտակցում ենք, որ միայն Գևորգ Գևորգյանը չէ մեղավոր»,- ասաց Ա. Ասրյանը:

Նա ընդգծեց՝ չի կարող հաստատել դիտավորյալ էր, թե ոչ, հակված է նրան, որ  սխալ ղեկավարում է տեղի ունեցել, քաոսային իրավիճակ էր:

«Մինչև հոկտեմբերի 4-ը լավ պաշտպանություն էինք իրականացնում, ահագին զոհեր է տվել թշնամին, բայց ճեղքելով պաշտպանությունը՝ ղեկավարումը խաթարվել է, առաջացել է քաոսային վիճակ»,- նշեց Ա. Ասրյանը:

Նա նշեց, որ հազարավոր զոհեր ենք տվել, «Մի Գևորգ են կալանավորել, գցել այնտեղ, վե՞րջ, ուզում են ծնողներին հանգստացնե՞լ»:

«Ոչ, Գևրոգ Գևորգյանը շախմատի մեջ պեչկան է: Կան լավ ֆիգուրաներ, որոնք պետք է պատասխան տան: Ուշ թե շուտ պատասխան են տալու: Ոչ Գենադի Բաղդասարյանն է կարողանալու գլուխը բարձր ման գալ Երևանում, ոչ Ջալալ Հարությունյանն է կարողանալու գալ Ղարաբաղ ու գլուխը բարձր  ման գա»,- ասաց Ա. Ասրյանը:

Placeholder
Մեղավորների բուրգ ունենք, գագաթում Ջալալ Հարությունյանն է. Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների հարազատներ