Չեղարկեք համերգը, զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվելու են Հանրապետության հրապարակում. Արսեն Ղուկասյան
Հասարակություն
10:31 17/09/2021
Հայաստան

Չեղարկեք համերգը, զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվելու են Հանրապետության հրապարակում. Արսեն Ղուկասյան

«Այստեղ գտնվող ծնողների մեծամասնությունը որոշել է սեպտեմբերի 17-ին ժամը 17:00-ից, իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Անկախության օրվան նվիրված համերգի համար կառուցվող բեմի դիմաց՝ պահանջելով կառավարությունից չեղարկել սեպտեմբերի 21-ի համար նախատեսված համերգը»,-երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնել է զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը:

Նրա հետ նույն վայրում էին զոհված զինծառայողների ծնողներ, հարազատներ, նշել է, որ ինքը փոխանցում է այդտեղ հավաքված բոլորի կարծիքը:

Ծնողները, նրա խոսքով, դեմ են այդ համերգին, որոշել են, որ այն չպետք է կայանա:

Ա. Ղուկասյանը նշել է, որ այսօր այդ համերգը տեղին չէ անցկացնել:

«Այդ համերգի ընթացքում, չգիտենք, ինչ կարող է լինել. որդեկորույս ծնողների և կառավարության կողմնակիցերի միջև բախումներ չլինեն, որպեսզի վաղը մեզ չասեն՝ ներքին բախումներ ենք հրահրել, ապակայունացրել եք իրավիճակը:

Հարգեք մեր կարծիքը, մեր նահատակների հիշատակը և հանուն նրանց ամսի 21-ի համերգը չեղարկեք: Մեր պահանջն է՝ ինչ անում եք, տեղափոխեք սեպտեմբերի 27-ից հետո, մինչև մեր երեխեքի մահվան մեկ տարին չլրանա:

Սեպտեմբերի 27-ին ապրիլի 24-ի երթի նման, մենք մեր միջոցներով, մեր ծաղիկներով, մոմերով, ճրագներով քայլերթ կկազմակերպենք Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր՝ խոնարհման և հիշատակի տուրք մատուցելու մեր զոհված բոլոր տղաներին՝ սկսած 1990-ականներից մինչ օրս»,- ասել է Ա. Ղուկասյանը:

Placeholder
Չեղարկեք համերգը, զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվելու են Հանրապետության հրապարակում. Արսեն Ղուկասյան