Արցախի ուսուցիչները ՄԻՊ-ին ներկայացրել են դպրոցների ոչ բարվոք վիճակի, ապաստարանների բացակայության խնդիրները
Հասարակություն
15:20 17/09/2021
ԼՂՀ

Արցախի ուսուցիչները ՄԻՊ-ին ներկայացրել են դպրոցների ոչ բարվոք վիճակի, ապաստարանների բացակայության խնդիրները

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնու միջնակարգ, Այգեստանի Ա.Բալայանի անվան հիմնական և Խնածախի Ա.Ավագյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպումներ ունեցել տեղի դպրոցների աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ից։

Նշվում է, որ այցերի ընթացքում ներկայացվել են երեխաների հիմնական իրավունքները, հատուկ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության իրավունքին, որին հարցերի ու պատասխանների ձևաչափով հաջորդել են քննարկումներ դրանց բովանդակության, գործնականում իրագործման վերաբերյալ:

Բացի դրանից, ուսուցչական անձնակազմի կողմից ներկայացվել են մի շարք հարցեր, որոնք կապված էին դպրոցների՝ ոչ բարվոք վիճակում գտնվելու, ապաստարանների բացակայության, ինչպես նաև ջրի մատակարարման խոչընդոտների հետ:

Ասվում է, որ պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

Placeholder
Արցախի ուսուցիչները ՄԻՊ-ին ներկայացրել են դպրոցների ոչ բարվոք վիճակի, ապաստարանների բացակայության խնդիրները