Բյուրականի աստղադիտարանի տիեզերական նվաճումների 75 տարին
Կրթություն, գիտություն
14:39 22/09/2021
Հայաստան

Բյուրականի աստղադիտարանի տիեզերական նվաճումների 75 տարին

Հայաստանի գիտությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Բյուրականի աստղադիտարանը պետք է մնան երիտասարդ, ժամանակակից, քանի որ, ըստ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, զարգացման միակ ճանապարհը դա է:

Ա. Սարգսյանն իր ցանկությունը հայտնեց ԳԱԱ-ում Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում:

Միաժամանակ նա նշեց. «Մենք ունենք հսկայական առավելություններ, որոնք չենք օգտագործում»:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հանդիսավոր նիստում ներկայացնելիք իր զեկույցը վերնագրել է «Բյուրականի աստղադիտարան. տիեզերական նվաճումների 75 տարի»:

«Աստղագետները շատ են սիրում բառախաղեր. իրականում՝ և Տիեզերք ենք նվաճում, Տիեզերքի նվաճումներով ենք զբաղված, մյուս կողմից շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Բյուրականի աստղադիտարանի պատմության ընթացքում, այդ թվում Վիկտոր Համբարձումյանի մեծ նվաճումները»,- նշեց նա:

Իհարկե, Աստղադիտարանի պատմությունը սկսվում է Վիկտոր Համբաձումյանից, ում շնորհիվ է, որ Հայաստանն ունի այսպիսի մեծ աստղագիտական կազմակերպություն:

Արեգ Միքայելյանը Բյուրականի աստղադիտարանի պատմությունը բաժանել է մի քանի փուլերի:

1946-56 թվականները համարվում են աստղադիտարանի հիմնադրման տարիներ:

«Վիկտոր Համբարձումյանն առաջ քաշեց այնպիսի գաղափարաներ, որոնք ամբողջ աշխարհի այլ աստղադիտարաններ դրանով չէին զբաղվում՝ տիեզերքի անկայունության գաղափարը, բայց առանձին վերցրած տիեզերական օբյեկտների անկայուն երևույթերը, որոնք դարձան մեր գլխավոր ուղղությունները»,- ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Աստղադիտարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1956 թվականին
միջազգային գիտաժողովով: Իսկ այդ տարիներին, ըստ Ա. Միքայելյանի, գիտաժողովներ կազմակերպելը բարդ  էր, մի քանի տարվա մեջ հազիվ մեկ գիտաժողով էր անցկացվում:

1956-66 թվականները Աստղադիտարանի կայացման ու ճանաչման տարիներն են:

«10 տարում շատ առաջ գնաց աստղադիտարանը, արդեն 1960-ականների կեսերին շատերը համարում էին աշխարհի  կարևոր աստղադիտարաններից մեկը և դրան նպաստեց համբարձումյանական գաղափարների տարածումը, Համբարձումյանի միջազգային ճանաչումը գնալով ավելի էր ամրապնդվում, նաև Բենիամին Մարգարյանի կարևորագույն աշխատանքը՝ Բյուրականյան առաջին շրջահայություն, Մարգարյանի շրջահայություն»,- ասաց տնօրենը:

Մինչև Խորհրդային միության փլուզումը Բյուրականի աստղադիտարանը բավականին բուռն կյանքով է ապրել թե գիտական հայտնագործությունների, թե գործունեության այլ ոլորտների առումով:

1991-2000 թվականը դժվար տարիներ են եղել, բայց, Ա. Միքայելյանի խոսքով, հաղթահարելով դժվարություններն՝ աստղադիտարանը վերապարել է այդ տաս տարիները: Աստղադիտակների աշխատանքը կանգնեցվել է 1991 թվականին, սակայն 1996 թվականին վերագործարկվել է:

2000-2021 թվականներին Բյուրականի աստղադիտարանն արդեն համարվում է Հայաստանի այցեքարտերից մեկը:

«Իհարկե, տարիների ընթացքում մենք շատ ենք զիջել գիտական հայտնագործությունների առումով,   բայց դրա փոխարեն, գուցե կոմպենսացնելով այդ բացը, կարողացանք կարևոր քայլեր անել միջազգային հեղինակության առումով: Բյուրականը միջազգային ասպարեզում համարվում է Հայաստանի այցեքարտերից մեկը»,- ասաց Արեգ Միքայելյանը:

2013 թ․ ՀՀ կառավարության կողմից Բյուրականի աստղադիտարանին շնորհվել է ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ։ Այն Մատենադարանի և Ցեղասպանության ինստիտուտի հետ մեկտեղ ՀՀ 3 ազգային արժեքներից մեկն է։

2015 թ․ Միջազգային աստղագիտական միության կողմից Բյուրականի աստղադիտարանին շնորհվել է հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ Այն աշխարհի 11 աստղագիտական տարածաշրջանային կենտրոններից մեկն է և համակարգում է զարգացմանը միտված աստղագիտական գործունեությունը տարածաշրջանի երկրներում: Տարածաշրջանային կենտրոնին անդամակցում են Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Թուրքիան:

«Այն աշխարհի 11 աստղագիտական տարածաշրջանային կենտրոններից մեկն է և համակարգում է զարգացմանը միտված աստղագիտական գործունեությունը տարածաշրջանի երկրներում: Տարածաշրջանում Թուրքիան, որին շատերը թշնամի են համարում, շատերը պրոբլեմատիկ հարևան, նույնպես պաշտոնական, իր ստորագրությամբ ճանաչել է Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային կենտրոն»,- ասաց ԲԱ տնօրենը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում շատ քիչ են գիտական արժեքները, հիմնականում պատմամշակութային արժեքներ են, սակայն այստեղ ևս Բյուրականի աստղադիտարանն իր արժանի տեղն է զբաղեցնում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական ժառանգություններից մեկն է  Մարգարյանի շրջահայությունը (Առաջին բյուրականյան շրջահայություն), ստեղծվել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)։ Այն գրանցվել է 2011 թվականին,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի միակ գիտական ժառանգությունն է Հայաստանում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հազվագյուտ գիտական ժառանգություններից մեկն աշխարհում։

Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակի առիթով աստղագիտության ոլորտում գործունեության ծավալող միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններ, գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ շնորհավորական ուղերձներ են հղել: Բոլորում հստակ նշվում է հայաստանյան աստղադիտարանի մեծ դերակատարումն աստղագիտության զարգացման գործում, հիանում աստղագիտության այդքան շատ ոլորտներում ունեցած ձեռքբերումներով:

«Դժվար թե ձեզ հետ լինեմ, երբ աստղադիտարանը հասնի իր 100-ամյակին: Այնուամենայնիվ, ակնկալում եմ, որ կլինի հզոր՝ շարունակելով հիմնարար ներդրումներ ունենալ Տիեզերքում մեր տեղի վերաբերյալ ունեցած պատկերացումների մեջ»,- իր ուղերձում ասում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2014 թ. դափնեկիր Բրենթ Թալին:

ՌԴ ազգային ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի տնօրենն էլ նշում է, որ աստղագիտական չափանիշներով 75 տարին ամենևին էլ մեծ տարիք չէ, բայց Բյուրականի աստղադիտարանն արդեն հասել է մեծ հաջողությունների Տիեզերքի, աստղերի, միգամածությունների և գալակտիկաների անկայուն երևույթների ուսումնասիրությունների մեջ:

Panorama.am-ի հետ զրույցում Արեգ Միքայելյանն ասաց, որ այսօր ունեն շատ լավ գիտնականներ, սակայն արդեն տարիքով են: Նա ընդգծեց, որ ամենակարևորը երիտասարդների ներհոսքն է.«Եթե չգան երիտասարդները, եղածն էլ կանցնի, կգնա, կվերանա»:

Միաժամանակ աստղադիտարանի տնօրենը նշեց, որ քիչ է երիտասարդ գիտնականների ներհոսքը, քանի որ նրանք ավելի շատ ցանկանում են աշխատել արտասահմանում. այստեղ դժվարություններ կան, գումարը քիչ է, իսկ դրսում, ըստ նրանց, կարիերան ավելի հեշտ ընթացք կունենա:

«Չեմ ուզում տխուր նոտայով ավարտեմ. ասեմ՝ ով էլ դրսում է աշխատում, միշտ կապ ենք պահպանում, հնարավոր ամեն ինչ անում ենք մեր աստղադիտարանի գործունեությունը ակտիվացնելու համար»,- ասաց Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Placeholder
Բյուրականի աստղադիտարանի տիեզերական նվաճումների 75 տարին