Կամերային երաժշտության կենտրոնը համերգով կնշի Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը
Մշակույթ
20:00 25/09/2021
Հայաստան

Կամերային երաժշտության կենտրոնը համերգով կնշի Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ կնվիրի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00 գյուղ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն են։

Համերգի համար ընտրված Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է, հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կառույցներից։

Իր երկարատև պատմության ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգվել է (նույնիսկ վերածվել ամրոցի` առանձին հատվածներում շրջապատվելով պաշտպանական պատերով), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել դեպի մեր երկրի կարևորագույն պատմամշակութային կոթողները, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել մեր երաժշտության մեծերից՝ Կոմիտաս վարդապետին։

Placeholder
Կամերային երաժշտության կենտրոնը համերգով կնշի Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը