Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը
Հասարակություն
18:26 28/09/2021
Հայաստան

Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Համագործակցության շրջանակում Ամունդի-ԱԿԲԱ-ն իր շահույթից 10 հազար եվրո կտրամադրի Հայաստանում սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարության հետազոտությանը:

«Հայաստանում սոցիալական բնակարանային զարգացման ռազմավարության մշակման հետազոտությունը կարևոր է բոլորիս համար: Պետք է ունենալ երկարաժամկետ տեսլական` իրականացնելու ծրագիր, որի սոցիալական ազդեցությունը մեծ կլինի Հայաստանի բնակչության համար: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, մենք մշտապես կարևորել ենք նմանատիպ նախագծերի իրականացումը, քանի որ ստացված արդյունքների միջոցով
հնարավոր կլինի խնդիրներ լուծել ոչ հեռու ապագայում», - նշել է ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունից հայտնում են, որ կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական
պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։

Սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարությունը մշակելու համար իրականացվելու է հատուկ հետազոտություն՝ ներառելով սոցիալական բնակապահովության ոլորտում միջազգային փորձի վերլուծություն, հայաստանյան իրավիճակի ուսումնասիրություն, կարիքների վերհանում և գնահատում ըստ սոցիալական խմբերի, խոցելիության աստիճանի, ինչպես նաև տարածքային բաշխվածության և այլ չափանիշների:

Ամունդի-ԱԿԲԱ-ն կառավարում է կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ: Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Placeholder
Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը