Բռնագաղթածների առողջապահական խնդիրների լուծման հարցեր են սկսել առաջանալ սեպտեմբերի վերջից. Միքայել Վիրաբյան
Իրավունք
13:41 13/10/2021
Հայաստան

Բռնագաղթածների առողջապահական խնդիրների լուծման հարցեր են սկսել առաջանալ սեպտեմբերի վերջից. Միքայել Վիրաբյան

«Այս պահին ՀՀ-ում են գտնվում Արցախից բռնագաղթած 5294 ընտանիք՝ 20433 քաղաքացի, որից 618-ը անչափահասներ են»,- այսօր կազմակերպված «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ-ում ԱՀ Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը:

Նա նշեց, որ Օպերատիվ շտաբի ձևավորման օրվանից հետո խնդիրները շատ են եղել, որոնց մի մասը ստացել են համապատասխան պետական կանոնակարգված մոտեցումներ և լուծվել ԱՀ-ի, ՀՀ-ի կառավարությունների ընդունած 20-ից ավելի որոշումների շրջանակներում:

Վիրաբյանն ասաց, որ կատարված միջոցառումների արդյունքում կանխվել է սոցիալական աղետ հասկացությունը, բայց և շեշտեց, որ այսօր խնդիրներն էլ ավելի շատ են ու՝ խորը:

Նա հայտնեց, որ Օպերատիվ շտաբում առկա են բոլոր ծառայությունների գծով ստորաբաժանումներ, որոնց աշխատակիցները Արցախի տեղահանված շրջաններից են:

Միքայել Վիրաբյանի խոսքով՝ Օպերատիվ շտաբը գտնվում է տարբեր հասցեներում և առաջիկայում տեղակայվելու են մեկ վայրում՝ Աբովյան 9-ը հասցեում միավորելով սոցիալական և իրավական ծառայությունների գրասենյակները:

Նա տեղեկացրեց, որ Օպերատիվ շտաբի վերլուծությունները ներկայացվում են ԱՀ և ՀՀ կառավարություններին:

Հայտնելով, որ Օպերատիվ շտաբը աշխատում է ՀՀ պետական տարբեր կառույցների հետ, որի ժամանակ խնդիրներ են առաջանում՝ Վիրաբյանը հայտարարեց. «Ես հիմնականում այդ թերացումները վերագրում եմ պետական ցածր օղակներում աշխատակիցների կողմից վերևից ստացած հրահանգները ոչ լրիվությամբ տիրապետելու հետ»: 

Օպերատիվ շտաբի ղեկավարի խոսքով՝ խնդիրներ են եղել դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների՝ համապատասխան կրթական հաստատություններում տեղավորման հարցում, որոնք լուծվում են:

«Բռնագաղթածների առողջապահական խնդիրների լուծման հարցեր են սկսել առաջանալ սեպտեմբեր ամսվա վերջից՝ կապված վիրահատությունների հետ, բայց ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների հետ աշխատանքի արդյունքում, Օպերատիվ շտաբի միջնորդությամբ, բավարարվել են մեկ տասնյակից ավելի այն վիրահատության դիմումները, որոնք անհետաձգելի են»,- հայտնեց բանախոսը և տեղեկացրեց, որ պլանային՝ կյանքին վտանգ չսպառնացող հիվանդությունների մասով վիրահատությունները լինելու են հաջորդ տարվա սկզբում:

Նա հավաստիացրեց, որ անհետաձգելի վիրահատման խնդիրները լուծվելու են համապատասխան ահազանգից անմիջապես հետո:

«Վերջին 10 ամիսների ընթացում իրենց ցանկությամբ Արցախի հանրապետություն է տեղափոխվել 150 ընտանիք՝ 714 անձ, որոնք ապահովվել են բնակարաններով»,- ասաց Միքայել Վիրաբանը և շեշտեց, որ վերադարձածները հիմնականում տեղավորվել են ԱՀ Ասկերանի շրջանում:
 

Placeholder
Բռնագաղթածների առողջապահական խնդիրների լուծման հարցեր են սկսել առաջանալ սեպտեմբերի վերջից. Միքայել Վիրաբյան