Աննա Դանիբեկյանի արածը ոչ միայն արդարադատություն չէ, այլ ոչինչ է. Էրիկ Ալեքսանյան
Իրավունք
13:32 15/10/2021
Հայաստան

Աննա Դանիբեկյանի արածը ոչ միայն արդարադատություն չէ, այլ ոչինչ է. Էրիկ Ալեքսանյան

«Արդարադատությունը պետք է տեսանելի լինի հանրության համար, այն ինչ իրականացնում է Աննա Դանիբեկյանը, ոչ միայն արդարադատություն չէ, այլ ոչինչ է»,- «Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում դատական իշխանությունը միշտ ունեցել է խնդիրներ, բայց այն, ինչ տեսանելի է վերջին ժամանակահատվածում՝ գործող իշխանություների օրոք, երբեք նախկինում չի եղել:

Ալեքսանյանի խոսքwվ՝ դատվորների անաչառության վերաբերյալ միայն կայացրած դատական ակտով սխալ է կարծիք կազմել, այն առաջին հերթին որոշվում է դատավորի վարքագծով:

Փաստաբանն իր պնդումը հիմնավորեց, իր բնորոշմամբ, շատ «բացառիկ» և «շատ սիրելի» դատավոր Աննա Դանիբեկյանի օրինակը:

Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց, որ երբ Արմեն Գևոգյանը պետք է մեկներ Ստրասբուգ՝ մասնակցելու ԵԽԽՎ վեհաժողովին և ներկայացներ նաև գերիների խնդիրները, Աննա Դանիբեկյանը, չթույլատրեց Արմեն Գևորգյանի ելքը երկրից:

«Աննա Դանիբեկյանը երևի դրանով ավելի շուտ թշնամի պետության շահերն էր ներկայացնում, քան՝ Հայաստանի»,- ընդգծեց փաստաբանը և շեշտեց, որ վերջին դատական նիստում Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրել է միջնորդություն, որի բավարարումն այլ կարծիք չէր կարող ունենալ:

Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այդ գործուղման համար պետությունը Արմեն Գևորգյանի հաշվին գումար էր փոխանցել և այն պետական բյուջե վերադարձնելու համար փաստաբան Սահակյանը միջնորդել էր մասնակիորեն հանել Գևորգյանի հաշիվների վրա դրված արգելքը, բայց այդ միջնորդությունը Դանիբեկյանը մերժել է:

Անդրադառնալով դատական գործերի մակագրության խնդրին՝ Ալեքսանյանը նկատեց, որ դրա համար նախատեսված համակարգիչն առգրավվել է այն ժամանակ, երբ Սյունիքի համայնքների ղեկավարների գործերը մտել են Վերաքննիչ դատարան:

Նա հավաստիացրեց, որ դրանից հետո այդ գործերի մակագրությունն արվել է այնպես, ինչպես ցանկանում էր իշխանությունը և բոլորը տեսան դրա արդյուքները, երբ ոչ մի բողոք չբավարարվեց և Սյունիքի բոլոր համայնքապետերը շարունակեցին մնալ կալանքի տակ:

Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ նա անգամ չի մասնակցել իր պաշտպանյալի՝ Առուշ Առուշանյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի բողոքի քննությանը, որովհետև նման պայմաններում դատարանի կողմից արդարադատություն որևէ մեկը չէր կարող ակնկալել:

«Այն, որ այսօր դատական համակարգն ունի առողջացման կարիք, դրանում այլ կարծիք չի կարող լինել»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ դատարանների անկախության սահմանադրական դրույթը մնացել է թղթի վրա և դե ֆակտո գոյություն չունի, քանի որ բազմիցս արձանագրվել է, թե ինչպես իշխանության այլ ճյուղի՝ գործադիրի ներկայացուցիչները որոշում են, թե այս կամ այն գործով անձը պետք է ձերբակալվի, թե ոչ, կամ՝ թե ի՞նչ խափանման միջոցի տեսակ պետք է ընտրվի:

Նրա պնդմամբ՝ այսօր Հայաստանում կուլիսների հետևում դատարաններից բացի արդարադատություն իրականացնում են նաև իշխանության այլ ճյուղերը:

 

Placeholder
Աննա Դանիբեկյանի արածը ոչ միայն արդարադատություն չէ, այլ ոչինչ է. Էրիկ Ալեքսանյան