Մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի ․ Արմեն Մուրադյան
Առողջություն
19:56 27/10/2021
Հայաստան

Մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի ․ Արմեն Մուրադյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի հաշմանդամության, վերականգնողական, աջակցող միջոցների և պալիատիվ խնամքի գծով պատասխանատու Սաթիշ Միշրային։ Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։

Ներկայացնելով բժշկական 100-ամյա համալսարանի պատմությունն ու գործունեությունը՝ ռեկտորն առանձնակի անդրադարձ կատարեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնադրմանը։

«Կենտրոնի ստեղծման աշխատանքները սկսվեցին 2016 թվականի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ 2018 թվականի հունվարի 29-ին արդեն բացվեց կենտրոնի շուրջ 40%-ը։ Զինվորների կլինիկական բուժմամբ սկսեց զբաղվել շուրջ 20 կլինիկական օրդինատոր։ Այս պահին շահագործվում է շենքի 75-80%-ը», - նշել է Արմեն Մուրադյանը։

Բուհի ղեկավարը հավելել է, որ Զինվորի տանն իրականացվում են նաև սոցիալական ուղղվածության աշխատանքներ․ գործում է «Մեկ պատուհանի» ծառայությունը, հատուկ կրթական ծրագիր բուժում ստացող զինվորների համար, ամբիոնական հարթակ վերապատրաստումների համար, Կարիքների գնահատման հանձնաժողով, Մշակութային կենտրոն և այս տարվա ապրիլին բացված Պրոթեզավորման կենտրոնը, որտեղ որպես պրոթեզիստ պատրաստվում է ԵՊԲՀ քոլեջի շուրջ 25 ուսանող։

«Մի քանի տարվա ընթացքում մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի և բացեց 220 աշխատատեղ։ Դրամահավաքի միջոցով մեծ ներդրումներ ներգրավելով՝ մեզ հաջողվեց ձևավորել կրթական 3 հարթակ՝ վերականգնողական բուժում, պրոթեզավորման գործ և կրթական հնարավորություններ զինվորների համար։ Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում պլաստիկ և միկրովիրաբուժության, ինտենսիվ թերապիայի և մի շարք այլ բաժանմունքների ստեղծման ուղղությամբ», - հայտնել է Արմեն Մուրադյանը։ Ռեկտորի փոխանցմամբ՝ առաջիկա ծրագրերում է Վետերանների հոսպիտալի հիմնումը։

Բժշկական համալսարանը, նրա խոսքով, համարվում է միջազգային խոշոր արտահանող․ բուհում սովորում է 35 երկրից շուրջ 2000 ուսանող։

ԱՀԿ ներկայացուցիչ Սաթիշ Միշրան նշել է, որ ապրել և աշխատել է աշխարհի 40 երկրում, որտեղ զգալի են եղել պատերազմի հետևանքները։

«Պետք է ասեմ, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համապատասխանում էր բոլոր չափանիշներին», - ընդգծել է նա։
 

Placeholder
Մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի ․ Արմեն Մուրադյան