Հիվանդացության և դրա վերարտադրության տոկոսի առումով նվազում ունենք. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
12:29 04/11/2021
Հայաստան

Հիվանդացության և դրա վերարտադրության տոկոսի առումով նվազում ունենք. Անահիտ Ավանեսյան

«Դպրոցների արձակուրդների երկարացումը և ԲՈւՀ-երի՝ առցանց դասպրոցեսին անցնելը որոշակի դրական միտումներ ցույց են տալիս, մենք տեսնում ենք, որ հիվանդացության և դրա վերարտադրության տոկոսի առումով նվազում ունենք, որը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերով»,-կառավարության նիստում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի նվազում կա:

Անդրադառնալով պատվաստումների գործընթացին՝ Ավանեսյանը նշեց, որ արդեն պատվաստվել է 852 հազար 355 քաղաքացի:

Նրա խոսքով՝ «Մոդեռնա» պատվաստանյութի ստանալուց հետո նախարարությունը փոփոխություն  է իրականացրեցրել հրամանի մեջ և 12 տարեկանից բարձր երեխաները հնարավորություն ունեն ստանալ պատվաստում, որը իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ:

Նախարարը հավաստիացրեց, որ հասարակության շրջանում կա հետաքրքրություն և արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել:

Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստվածների թիվը 97 է:

Նիկոլ Փաշինյանն նկատեց, որ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է և եթե տանը սպասող մարդ կա, ապա նշանակում է, որ հիվանդանոցներում տեղ չկա:

«Հետևաբար, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում: Սրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել, մենք լոքդաուների չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Խնդրում ենք, կոչ ենք անում պատվաստվել: Վարչական լծակները նույնպես կարևոր են, դրանք գործի ենք դնելու, բայց, ընդհանուր առմամբ, մարդկանց խնդրում ենք, որ օգնեն մեզ, որ կարողանանք օգնել իրենց»:
 

Placeholder
Հիվանդացության և դրա վերարտադրության տոկոսի առումով նվազում ունենք. Անահիտ Ավանեսյան