Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը
Մշակույթ
10:48 05/11/2021
Հայաստան

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնից։ 

Այսօր ժամը 19։00-ին, Միրզոյան գրադարանի ցուցասրահում Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի Ռուդոլֆ Վաթինյանի (1941-2021թթ․) ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը։

Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թ. Դիլիջանում։ 1959 թ. ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Փոքր տարիքից զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ։ Ընկերներով ակտիվորեն հետևում էին Վանիկ Շահաբյանի գործունեությանը։ Հետագայում սկսում է զբաղվել լուսանկարչությամբ և ընդունվում աշխատանքի տեղական թերթի խմբագրություն։ 1965 թ. ընդունվել է և 1970 թ. ավարտել Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը (ՎԳԻԿ)։

1970 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր։ Իր գործունեության ընթացքում, Վաթինյանը նկարահանել է երեք տասնյակից ավելի ֆիլմեր, որոնց թվում են  «Օգոստոս» (1976թ․), «Մեր մանկության տանգոն» (1984թ․), «Տեր Ողորմեա» (1996թ․) և այլն։

Մահացել է 2021 թ. հունվարի 2-ին։

 

Placeholder
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը