07.11.2021. «Հենակետ». Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում
Քաղաքական
21:50 07/11/2021
Հայաստան

07.11.2021. «Հենակետ». Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում ինչպես Հայաստանում,  այնպես էլ Արցախում համացանցում լայն քննարկան առարկան եղել է կորոնավիրուսով պայմանավորված  ծանր իրավիճակը։  Արցախում կորոնավարակը շարունակում է տարածվել, որի արդյունքում գրանցվել  են նաև մահվան ելքով դեպքեր։

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական  վիճակին։
Թեմայի հետ կապված շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն,որի ժամանակ զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, մի խումբ կամավորներ հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով Ստեփանակերտի քաղաքացիներին բաժանում են դիմակներ և ախտահանիչ նյութեր:

Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն էլ իր հերթին նշել է, որ հետայսու նախարարությունում  ընդունելու է միայն պատվաստված քաղաքացիներին։
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ  Արցախում  ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:

ՀՀ ԱԺ ընդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է,  որ Արցախի պաշտպանության բանակը վերականգնման և բարեփոխումների լուրջ խնդիր ունի և դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն հետպատերազմական ժամանակաշրջանում ՊԲ-ում իրականացված փոփոխությունները մի քանի քայլով առաջ են այն վիճակից, ինչ ունենք Հայաստանում։ Աբրահամյանը նշել է նաև, որ Արցախում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ անորոշությունը և Արցախի կարգավիճակի հստակեցումը, որը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման վրա, պետք է լինի առաջնային օրակարգում։

Արցախի  Genesis Armenia ուղեղային կենտրոնից հայտնել են, որ Ստեփանակերտում  բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։ Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջան են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահները բարերարների հետ համատեղ ձեռնամուխ են եղել Արցախի Մարտակերտի շրջանի Սրխավենդ և Կիչան գյուղերի երեխաների համար 40 տեղանոց նոր մանկապարտեզ բացելու սոցիալական հարցի լուծմանը։ Նշվում է նաև, որ մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն տեղի բնակչության համար։

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին: Մինչև տարեվերջ մի քանի փուլով նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով,  շահագործման կհանձնվեն:

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Երևանում հանդիպել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հարությունյանը  նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

ԱՀ  պետական նախարար Արտակ Բեգլարյանի պատվին նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն և տեղի է ունեցել հանդիպում դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

ԱՀ ՊԲ-ից հայտարարել են, որ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի  ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։  ՊԲ-ից հայտնել են նաև, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան։

ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտարարել են, որ ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում, ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, նոյեմբերի 2-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված 11 հոգու աճյուն:  Գերատեսչությունից նշել են նաև, որ 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում, հայտնաբերվել է  ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

ԼՂ հակամարտության մասին

ՀՀ վարչապետն Կառավարությունում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ  Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ խնդրի կարգավորմանը, Ադրբեջանում պահվող անձանց վերադարձին վերաբերող հարցեր։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հայտարարել է , որ Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում ու ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը:

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկը թույլ կտա առկա խնդիրներին համալիր լուծում գտնել։

ԱՄՆ Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունն առցանց հանդիպում է անցկացրել ԱՀ  պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։  Հանդիպման ժամանակ կոնգրեսականը ընդգծել է , որ ԱՄՆ-ն նաև պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ Արցախը հայկական պահող կարգավորման հասնելու համար։

Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Սիդնեյ քաղաքի իշխանությունները որոշել են հեռացնել ադրբեջանցիների կողմից տեղադրված գովազդային վահանակները և առհասարակ հանրային գովազդը, որտեղ ադրբեջանցիները ներկայացնում են Արցախը որպես Ադրբեջանի մաս»։ 

Placeholder
07.11.2021. «Հենակետ». Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում