ԱՆ-ն՝ «Օմիկրոն»-ի՝ COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
Առողջություն
21:59 27/11/2021
Հայաստան

ԱՆ-ն՝ «Օմիկրոն»-ի՝ COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ

Առողջապահության նախարարությունը տարածել է տեղեկատվություն «Օմիկրոնի»-ի մասին։ Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող:

Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:
«Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:

Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։

Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից։

Placeholder
ԱՆ-ն՝ «Օմիկրոն»-ի՝ COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ