Ռյաբկով. ԱՄՆ կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» համաժողովն ուղիղ կապ չունի ժողովրդավարության հետ
Քաղաքական
21:08 10/12/2021
Աշխարհ

Ռյաբկով. ԱՄՆ կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» համաժողովն ուղիղ կապ չունի ժողովրդավարության հետ

ԱՄՆ-ի կողմից կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» համաժողովն ուղիղ կապ չունի ժողովրդավարության հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Միջոցառումը, թեև կոչվում է «Հանուն ժողովրդավարության» համաժողով, բայց շատ անուղղակի կապ ունի ժողովրդավարության հետ: Այս անվանումը ոչ այլ ինչ է, քան հեշթեգ»,- ասել է նա։

Ռյաբկովի խոսքով, այս համաժողովը կազմակերպվել է ոչ թե ժողովրդավարության և մարդու իրավունքների քննարկման համար, այլ ԱՄՆ-ի և նրա համախոհների՝ համաշխարհային գերիշխանության համար պայքարի շուրջ քննարկումների։

«Եթե ԱՄՆ-ն երեկվա և այսօրվա միջոցառումն անվաներ «Աշխարհում գերակայության գագաթնաժողով», կարծում եմ, դա կլիներ  ավելի ազնիվ և ճիշտ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Նշենք, որ դեկտեմբերի 9-10-ը Վաշինգտոնն անցկացրել է «Հանուն ժողովրդավարության» առցանց համաժողովը, որին մասնակցել են պետությունների ղեկավարներ, իրավապաշտպաններ և գործարարներ։ ԱՄՆ իշխանությունները գագաթնաժողովին հրավիրել են 110 պետություններ ու տարածքներ։ Դրանց մեջ չեն եղել Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ։

Հայաստանը հրավիրվածների ցանկում է։ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին հանդես է եկել ելույթով։ 

Placeholder
Ռյաբկով. ԱՄՆ կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» համաժողովն ուղիղ կապ չունի ժողովրդավարության հետ