Երեք բուհում ռեկտորի պաշտոնի համար մրցակցություն չկա
Կրթություն, գիտություն
16:26 10/12/2021
Հայաստան

Երեք բուհում ռեկտորի պաշտոնի համար մրցակցություն չկա

Ավարտվել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարած բաց մրցույթը:

Panorama.am-ը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանից տեղեկացավ, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու:

«Դիմողի անձը չի գաղտնազերծվում, մենք էլ չգիտենք, գաղտնի ինֆորմացիա է: Դեկտեմբերի 18-ին նոր կբացվի ծրարը»,- նշեց նա:

Ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Ռեկտորը կընտրվի փակ քվեարկությամբ:

Նշենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի մրցույթին մասնակցելու համար համապատասխան դիմում ներկայացրել է միայն ներկայիս ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հոգաբարձուների խորհրդի քարտուղարը տեղեկացրեց, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թեկնածու գրանցվել է միայն Արմեն Մուրադյանը, այլ անձ փաստաթղթեր չի ներկայացրել:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի մրցութը կայանալու է դեկտեմբերի 15-ին:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար նույնպես մրցույթ էր հայտարարել: ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ներկայացվել է երկու դիմում: Դիողներից մեկը ԵՊՀ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն է, երկրորդը՝ բանասիրության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը:

«Վերջինս փաստաթղթերը ներկայացել է ուշացումով. մրցույթը փակվել է դեկտեմբերի 1-ին, փաստաթղթերը ստացել ենք դեկտեմբերի 3-ին: Արծրունի Սահակյանի հայտնի ընդունման վերաբերյալ որոշումը կկայացնի հոգաբարձուների խորհուրդը»,- ասաց նա: 

ԵՊՀ ռեկտորի մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին:

 

Placeholder
Երեք բուհում ռեկտորի պաշտոնի համար մրցակցություն չկա