Հայաստանում ներկա պահին շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը. բժիշկ-համաճարակաբան
Հարցազրույցներ
12:55 15/12/2021
Հայաստան

Հայաստանում ներկա պահին շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը. բժիշկ-համաճարակաբան

Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքով Հայաստանում ներկա պահին շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը: Դեկտեմբերի 13-ի դրությամբ ստացիոնարներում բուժում է ստանում մոտ 631 պացիենտ, որից գրեթե 92,6 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:

«Այս պահի դրությամբ էլ շարունակվում են շնչառական վարակներով պայմանավորված օրական կտրվածքով համաճարակային իրավիճակի դիտարկումը, որը փաստում է, որ դեռ սուր շնչառական վարակների դիմելիությամբ պայմանավորված շարունակվում է արձանագրվել ակտիվություն ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակեպություններում, այնպես էլ շտապօգնության կանչերով»,- նշեց բժիշկը՝ հավելելով, որ առավել բարձր ակտիվություն է արձանագրվում Երևանում,  մարզերից՝ Արարատ, Գեղարքունիք, Տավուշ։

Ե.Խաչատրյանն ասաց, որ այս սեզոնի այս ժամանակահատվածում օրինաչափ է այսպիսի ակտիվությունը: 

«2020 թվականի համեմատ մենք մի քիչ աճ ունենք, բայց այս շրջանում հնարավոր է դեպքերի աճ, որովհետև սեզոնի գրեթե պիկում, առավել աճման շրջանում ենք գտնվում»,- նշեց բժիշկ-համաճարակաբանը:

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, հետգրիպային բարդություններից խուսափելու համար Եվգենյա Խաչատրյանն անհրաժեշտ համարեց գրիպի դեմ  պատվաստումը։ Գրիպի ախտանիշներ ունենալով գրիպի դեմ պատվաստման համար նախ պետք է դիմել բժշկի ու նրա ցուցման դեպքում նոր պատվաստվել:

«Բժիշկը գնահատում է իրավիճակը ու դրանից ելնելով` հորդորում է պատվաստվել կամ սպասել ինչ-որ ժամանակ ու հետո գնալ, պատվաստվել»,- ասաց նա: 

 Բժիշկ-համաճարակաբանն ընդգծեց, որ հիվանդանալուց որևէ դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ:

«Առաջին երկու օրվա ընթացքում երեխայի վիճակի ոչ բարելավման դեպքում անհրաժեշտ է պարտադիր դիմել բժշկի, որպեսզի երեխայի վիճակը չբարդանա»,- ասաց բժշկուհին:

Հարցին՝ հիվանդը՝ ջերմություն, գլխացավ, քթահոսություն ախտանիշներով դիմել է բժշկի, մեկ այլ հիվանդ, նույն ախտանիշներով, կարո՞ղ է օգտագործել այն դեղամիջոցները, որը բժիշկը նշանակել է իրեն դիմած պացիենտին, Եվգենյա Խաչատրյանը պատասխանեց. «Նման դեպքեր չի կարելի: Բժիշկը պետք է անհատական նշանակումներ անի, որովհետև միայն բժիշկը գիտի այդ պահին զննման արդյունքում ինչ կարելի է նշանակել։ Ասեկոսեների վրա հիմնված բուժումը կարող է և արդյունք չտալ, նաև ավելի վատթարացնել վիճակը։

Յուրաքանչյուր մարդ ունի հակացուցումներ, յուրահատկություններ, պետք է դիմել բժշկի, որ իրեն հատուկ բուժում նշանակվի, վիճակը չբարդանա ու կարևորը՝ ժամանակին դիմել, չսպասել, որ երկարի, քանի որ դրանից է կախված հետագա բուժման արդյունավետությունը»:

Գրիպով չհիվանդանալու համար նա նաև խորհուրդ տվեց խուսափել գրիպանման հիվանդների հետ շփումից, հագնվել եղանակին համահունչ, օգտագործել շատ հեղուկներ, հաճախ օդափոխել տարածքը, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը:

«Սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակաների աճ է գրանցում կազմակերպություններում, բայց օրական մշտադիտարկումը ցույց կտա, թե ինչքան է այդ աճը, դրա արդյունքում, եթե անհրաժեշտ լինի, արձագանքման միջոցառումներ կկիրառի առողջապահության նախարարությունը»,- ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:

 

Placeholder
Հայաստանում ներկա պահին շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը. բժիշկ-համաճարակաբան