Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված որոշմամբ անփոփոխ կթողնի բնակչության անապահովության միավորը՝ 28.00-ը
Հասարակություն
10:50 30/12/2021
Հայաստան

Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված որոշմամբ անփոփոխ կթողնի բնակչության անապահովության միավորը՝ 28.00-ը

Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի, որով 2022 թվականի համար անփոփոխ կթողնի 2021թվականի համար հաստատած անապահովության միավորը՝ 28.00-ը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները՝ Նախագծով առաջարկվում է անապահովության միավորը 2022 թվականին սահմանել 2021 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:

Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա»։

Այդ նպատակի համար գալիք տարում պետությունը 30.4 մլրդ դրամ կհատկացնի:

Մեկ այլ նախագծով գործադիրը կլուծարի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և կների նրա պարտքը: Վերջինիս գործառույթները կանցնեն ՊԵԿ-ին:

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված 28 նախագծից զեկուցվող է միայն մեկը:

Placeholder
Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված որոշմամբ անփոփոխ կթողնի բնակչության անապահովության միավորը՝ 28.00-ը