Թուրքիայի «Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին
Տարածաշրջան
18:02 24/01/2022
Տարածաշրջան

Թուրքիայի «Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ։ Հոդվածում, սակայն, որևէ բառ չի նշվում քաղաքի հայկական անցյալի մասին։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ,նշվում է, որ Անիի ավերակները նաև ձմեռային օրերին են գրավիչ օտարերկրացի և տեղացի զբոսաշրջիկների համար։ Անին այցելուներին այժմ ընդունում է ձյունածածկ գեղեցկությամբ։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի ավերակները Կարսում են։ Արփաչայի (Ախուրյան-խմբ․) երկու խոր կիրճերի մեջտեղում գտնվող Անին, որը 884-1045 թթ․ կառավարվել է Բագրատունիների, 1045-1064 թթ․՝ բյուզանդացիների կողմից, 1064թ․ օգոստոսի 16-ին նվաճվել է սուլթան Ալփարսլանի կողմից  և կցվել Սելջուկյան պետության տարածքներին։

Անիում, որը կառուցվել է շուրջ 100հա հողատարածքի վրա և որտեղ պատմության ընթացքում գոյություն են ունեցել բազմաթիվ քաղաքակրթություններ, քրիստոնյաները և մուսուլմանները նախկինում ապրել են կողք-կողքի»,- նշված է հոդվածում։

Աղբյուրը նշում է, որ  թուրքական պետական գործակալությունն Անիի մասին հրապարակումներում խուսափում է հայերի մասին որևէ հիշատակումից արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2014 թվականին այդ մասին «Ակոս» թերթում գրել էր Սերդար Քորուջուն՝ ««Anadolu» գործակալությունը պատմության միջից ջնջել է հայերին» վերտառությամբ հոդվածում։ Դրանում ընդգծվել էր, որ 2008-ին Թուրքիայի մշակույթի նախարարությունը, Անիի մասին ծանուցող բովանդակությամբ ինտերնետային կայք ստեղծելով, խուսափել էր «հայ» բառի գործածումից:

 

Placeholder
Թուրքիայի «Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին