Կինոգործիչների միությունում կայացավ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված հանդիպում
Մշակույթ
18:26 26/01/2022
Հայաստան

Կինոգործիչների միությունում կայացավ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված հանդիպում

Այսօր լրանում է նշանավոր հայ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի  ծննդյան 100-ամյակը:

Հայաստանի կինոգործիչների միությունը երզնկյանական տարին մեկնարկեց հենց այսօր՝ «Բուխարու սրահ»-ում, ուր հանդիպեցին կինոաշխարհի ներկայացուցիչներ, այդ թվում ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ 

Կայացավ «Յուրի Երզնկյան» երկլեզու հրատարակության շնորհանդեսը։

Յուրի Երզնկյանը ծնվել է Թբիլիսիում։ 1934-1942 թվականներին Երևանի պետական թատրոնում եղել է նկարիչ։ 1940-1941 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում։ 1941-1943 թվականներին եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը։ 1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր։ 1946-1947 թվականներին սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց)։

1948-1949 թվականներին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953 թվականից՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր։

Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են «Հայկական որմնանկարներ» (1972 թվական, որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա «Դավիթ և Խանդութ», «Անտունի», «Հավերժական կուռք» բալետների պարային սյուիտները), Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Այս կանաչ-կարմիր աշխարհը» (1975) և «Սգավոր ձյունը» (1978 թվականին ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները։ 1979 թվականին «Սգավոր ձյունը» կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ։

Մահացել է Մոսկվայում 1996 թ., թաղված է Երևանում։ 

 

 

Placeholder
Կինոգործիչների միությունում կայացավ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված հանդիպում