Միգուցե հունվարի 28-ն այն բացառիկ օրերից էր, որ այդ անձինք ազնվություն են դրսևորել և համարել՝ որևէ կապ չունեն ԶՈւ հետ. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
13:02 02/02/2022
Հայաստան

Միգուցե հունվարի 28-ն այն բացառիկ օրերից էր, որ այդ անձինք ազնվություն են դրսևորել և համարել՝ որևէ կապ չունեն ԶՈւ հետ. Տիգրան Աբրահամյան

«Այս իշխանությունն արել է ամեն ինչ, որպեսզի բանակի, պետականության, մեր պետությունը խորհրդանշող տարբեր սիմվոլների հետ կապված հանրությունն ուրախ, ջերմ օրեր չունենա»,- ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմն ու դրա բերած աղետը բավականին ծանր հետևանքներ ունեցան ՀՀ ԶՈւ և պետականության համար։

«Այսօր շատ կարևոր առաքելություն են իրականացնում այն զինծառայողները, ովքեր, չնայած այս ծանր իրավիճակին, պայմաններին, իշխանության ամենավերևի էշելոններից հասցված հարվածներին, շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել Զինված ուժերում և շարունակում են պաշտպանել Հայաստանն ու Արցախը»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, իշխանությունն ամեն ինչ անելու է ԶՈւ-ում առկա իրավիճակը քողարկելու համար։

Խոսելով իր և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ հունվարի 28-ին առաջնագիծ այցին, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ հնարավորություն ունեցան որոշակի ուսումնասիրություններ իրականացնել։

«Կան բարդագույն խնդիրներ, որոնց մի մասին ես հանրային ձևով չեմ անդրադառնա, բայց առիթ կունենամ որևէ այլ փակ ֆորմատով ներկայացնել պատասխանատուներին, նրանց, ովքեր այդ վիճակին են հասցրել։

Ամեն դեպքում կան լրջագույն խնդիրներ, որոնք հաղթահարված չեն։  Խնդրահարույց է այն հանգամանքը, որ առ այս պահը տեսանելի չեն այդ ուղղությամբ աշխատանք տանելու ջանքեր, նույնիսկ ցանկություն»,- նշեց նա։

Տ. Աբրահամյանի ներկայացմամբ, առաջնագծի տարբեր  հատվածներում կան նոր բնագծեր, տեղակայցած են նոր մարտական դիրքեր, բայց աշխատանքը, որն իրականում պետք է կատարվեր, նաև ապահովեր տեղում ծառայություն իրականացնող զինվորների անվտանգությունը,   սահմանային անվտանգությունը բարձր մակարդակով իրականացվեր, այդ առումով խնդիրները շատ են։

«Հետ ենք շպրտված տասնամյակներով։ Իհարկե, իրավիճակն այնքան անհուսալի չէ,  որ վերականգնելու հնարավորություն չկա, բայց պետք է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր ռազմաքաղաքական իշխանությունում են, որոշումներ կայացնողներն են, նույնիսկ ցանկության դեպքում էլ ի վիճակի չեն լինելու Զինված ուժերը վերադարձնել մարտունակության այն աստիճանին, ինչը հնարավորություն կտա սահմանի տարբեր հատվածներում տարբեր բնույթի մարտական խնդիրներ լուծել»,-  ասաց Տ. Աբրահամյանը՝  ընդգծելով, որ ՀՀ Զինված ուժերը կարիք ունեն մեծ բարեփոխումների, որոնք այս իշխանության պայմաններում հնարավոր չէ ակնկալել։

Ինչ վերաբերում է Բանակի օրը՝ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր չացլելուն, քանի որ վարակված է կորոնավիրուսով, պաշտպանության նախարարի կողմից ուղերձ չհղելուն, Տ. Աբրահամյանն ասաց.  «Միգուցե այն բացառիկ օրերից է եղել, երբ որ այդ անձինք ազնվություն են դրսևորել և համարել են, որ որևէ կապ, աղերս չունեն երրորդ հանրապետության Զինված ուժերի որևէ փուլի հետ»։
 

Placeholder
Միգուցե հունվարի 28-ն այն բացառիկ օրերից էր, որ այդ անձինք ազնվություն են դրսևորել և համարել՝ որևէ կապ չունեն ԶՈւ հետ. Տիգրան Աբրահամյան