7000 հազար ուսանող առաջիկայում կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից. Փաշինյան
Կրթություն, գիտություն
15:30 03/02/2022
Հայաստան

7000 հազար ուսանող առաջիկայում կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից. Փաշինյան

«ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև՝  բուհերի ուսանողական համակազմի մինչև 10 %-ին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարվելու հանգամանքից»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու ԱԺ պատգամավորների ներկայացրած նախագծի վերաբերյալ գործադիրի կարծիքը:

Նախարարը շեշտեց, որ օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն էլ՝ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում բուհի ուսանողական համակազմի մինչև 10%-ին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները:

Վահրամ Դումանյանը  տեղեկացրեց, որ ԱԺ ՔՊ պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ առաջարկվում է այդ թիվը փոխարինել 25%-ով:

Ըստ նախարարի՝ կառավարությունն առաջարկում է այն սահմանել 20% և դրական կարծիք տալ նախագծին:

Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզ բացատրել նախագծի էությունը և նշեց, որ փոփոխությամբ ևս 7000 հազար ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից, քանի որ այն բուհերին թույլ կտա ոչ թե ուսանողների 10%-ի համար ուսման վարձի զեղչերի համակարգ կիրառել, այլ 20%-ի համար:

«Հաշվի առնելով սոցիալական, գնաճային երևույթները, նաև այն, որ սոցիալական քաղաքականությունը փորձում ենք զուգակցել զարգացման քաղաքականությամբ՝ ասում ենք հետևյալը՝ բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20% ուսանողների պարագայում, և հարկային պարտավորություններ չեն առաջանա»,- ասաց Փաշինյանը:

Դումանյանը նկատեց, որ օրենսդրական փոփոխության հետևանքով պետական բյուջեն կկորցնի տարեկան 500 մլն դրամ, իսկ Փաշինյանը չհամաձայնեց այդ եզրակացության հետ՝ պնդելով, որ այն ուսման սուբսիդավորման ծախս է:

Placeholder
7000 հազար ուսանող առաջիկայում կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից. Փաշինյան