«Ընդդիմությունը չի գեներացնում իշխանությունների նկատմամբ հասարակության ունեցած մեծ բացասական տրամադրությունները»
Քաղաքական
14:57 07/02/2022
Հայաստան

«Ընդդիմությունը չի գեներացնում իշխանությունների նկատմամբ հասարակության ունեցած մեծ բացասական տրամադրությունները»

«Այսօր դատարանը կայացրել է համայնքի ղեկավարին կալանավորելու որոշում, որպեսզի դատավորին չկալանավորեն»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով դատարանի կողմից Քաջարանի  քաղաքապետ Մանվել Փարամազյանին կրկին կալանավորելու որոշմանը:

Նա հիշեցրեց, որ ոչ պատահականորեն այդ վճռի կայացման պահին ընթանում էր մեկ այլ դատավարություն, որով ազատությունից զրկում էին Աշոտ Մինասյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավոր Բորիս Բախշիյանին:

Էդգար Ղազարյանը հետաքրքիր համարեց, որ ոչ թե բողոքարկել են դատավոր Բախշիյանի որոշումը, այլ դատախազի միջնորդությամբ անմիջապես կալանավորել են նրան:

«Այս ամենը մեթոդական ուղեցույց է մյուս բոլոր դատավորների համար»,-ասաց բանախոսը:

Նա զարմանք հայտնեց, որ ոչ միայն դատավորների, իրավաբանների հանրությունը բողոքի ձայն չի բարձրացնում այս ամենի հանդեպ, այլ նաև խորհրդարանական ընդդիմությունը:

«Դատավորների առաքելությունն արդարադատության իրականացումն է, հանգամանքներն այնպես են դասավորվել մեր երկրում, որ նրանք արդարադատություն չեն իրականացնում, հետևաբար հարց է առաջանում, թե ինչու են իրենք այդ ֆորմալ կողմն ապահովում»,- մտահոգություն հայտնեց Ղազարյանը:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ներկայացմամբ՝ իրեն ֆեյսբուքում մի երիտասարդ ամենախայտառակ հայհոյանքներով հաղորդագրություն է ուղարկել, նրա էջից պարզել է, որ Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցն է և պատրաստվում է գնալ ոստիկանություն, պարզելու, թե նրա նկատմամբ քրեական գործ հարուցվելու է, թե ոչ:

Նկատելով, որ իշխանության անօրինականությունները բազմաթիվ են՝ բանախոսը տարակուսեց, որ դրա դեմ պայքար չի տարվում:

«Այս դիմադրությունը ե՞րբ պետք է ստեղծվի, ոչ հանրային աջակցություն է ցուցաբերվում, ոչ էլ ընդդիմադիր թևն է ակտիվ ջանքեր գործադրում»,- տարակուսեց Էդգար Ղազարյանը և, շեշտելով, որ բանտում գտնվողներն ընդդիմության օգտին աշխատելու համար են կալանավորված, ասաց. «Երկրորդ դասարանի երեխան էլ գիտի, որ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չի տվել Սիսիանից գնալ Գորիս»:

Նրա խոսքով՝ նույնիսկ բանտից իշխանությանը հաղթած համայնքապետը դեռ բանտում է և նրանով չեն հետաքրքրվում:

Ղազարյանը բնական չհամարեց, որ այս իրավիճակում ընդդիմադիր պատգամավորները հանգիստ գնում են ԱԺ հանձնաժողովների նիստերին:

Նա գտնում է, որ հասարակության մոտ կա շատ մեծ բացասական տրամադրություններ իշխանությունների նկատմամբ, որ ընդդիմությունը չի կարողանում գեներացնել:

Placeholder
«Ընդդիմությունը չի գեներացնում իշխանությունների նկատմամբ հասարակության ունեցած մեծ բացասական տրամադրությունները»