«Օմիկրոն» շտամի դեպքում շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ  ախտահարում է տեղի ունենում. Ռոմելլա Աբովյան
Առողջություն
13:58 09/02/2022
Հայաստան

«Օմիկրոն» շտամի դեպքում շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ ախտահարում է տեղի ունենում. Ռոմելլա Աբովյան

«Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքում շատ ավելի քիչ է  ախտահարվում թոքային հյուսվածքը, սակայն  կան բավականին այլ խնդիրներ, շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ  ախտահարում է տեղի ունենում»,- ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա նշեց, որ վաղ է խոսել «օմիկրոնի» թեթևության, բարդությունների կամ ծանրության մասին,  քանի որ նոր են առնչվում դրա հետ, որոշ ժամանակ անց ավելի պարզ ու ակնհայտ կլինի, թե  ինչի հետ գործ ունեն։

Ռ.Աբովյանի խոսքով, արդեն ապացուցված է, որ կորոնավիրուսային հիվանդությունն անգամ ապաքինվելուց հետո բավական խնդիրներ կարող է առաջացնել։

«Տարբեր ենթատեսակների դեպքում հետևանքները տարբեր են։ Օրինակ, «դելտա» շտամի դեպքում, նշվում է, որ շուրջ 35  տոկոսի մոտ հետագայում կարող են առաջանալ տրոմբոզ, նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ։ «Օմիկրոնի» դեպքում դեռևս քննարկվում են, թե ինչ բարդություններ  կարող են առաջանալ։  Վերջին շրջանում նշվում էր, որ երեխաների մոտ  հենց հիվանդության ընթացքում կարող է մաշկային  տարբեր ցանավորումներ լինել»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ ժամանակ է պետք ավելի լավ պատկերացնելու «օմիկրոն» ենթատեսակի առանձնահակությունները թե  կլինիկական, թե համաճարակաբանական տեսանկյունից։

 

Placeholder
«Օմիկրոն» շտամի դեպքում շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ ախտահարում է տեղի ունենում. Ռոմելլա Աբովյան