Հավի միսն ուտե՞լ, թե՞ փորձաքննության հանձնել
Առողջություն
17:25 10/02/2022
Հայաստան

Հավի միսն ուտե՞լ, թե՞ փորձաքննության հանձնել

Թռչնամսի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ Panorama.amհրապարակումից  հետո խմբագրությունը սպառողներից հեռախոսազանգեր ստացավ։ Նրանցից շատերը մտահոգված են հավի մսի որակով։

«Տարիներ շարունակ ես գնել եմ մի ընկերության հավի միս։ Դրանով պատրաստած սուպերը, շիլաները տվել եմ նաև թոռնիկներիս։ Հիմա չգիտեմ՝ ի՞նչ ենք կերել, կա՞ն այդ մսում հակաբիոտիկներ, ախտածիններ»,-ասաց խմբագրություն զանգահարած տնային տնտեսուհին։

Նա հետաքրքրվում էր՝ կարո՞ղ է իր նախընտրած հավը հանձնել լաբորատորիա փորձաքննության ենթարկելու համար։

Քաղաքացիների հնչեցրած հարցերի, մտահոգությունների հետքերով Panorama.am-դիմեց սննդամթերքի փորձաքննություն իրականացնող  լաբորատորիաներ՝ պարզելու, ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել թռչնամիսը փորձաքննության ենթարկելու համար, ի՞նչ կարժենա այն, ինչքա՞ն կտևի փորձաքննությունը։

Պարզվում է՝ սպառողները կարող են ցանկացած պահի ցանկացած արտադրանքի փորձաքննություն պատվիրել, սակայն դրա համար կլորիկ գումար է հարկավոր։ Մեկ հավում երեք հակաբիոտիկի, մի քանի ախտածինների մանրէաբանական  փորձաքննության համար պետք է մի կողմ դնել մինչև 100  հազար դրամ ու սպասել մինչև մեկ շաբաթ։

Հայաստանում գործում է հավատարմագրված մոտ մեկ տասնյակ լաբորատորիա, որոնք իրականացնում են սննդամթերքի, հավելումների փորձաքննություններ։

Դրանք են «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ-ն,  ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ը, «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը, Կոնյակի գործարանը, Սերտիֆիկացման միջազգային կենտրոնը ՍՊԸ-ն, Չափագիտության և ստանդարտացման ազգային կենտրոն ՓԲԸ-ն, ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիան, «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Ստանդարտ Դիալոգ» ընկերությունը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի հաճախորդների բաժնից Panorama.am-ի հետ զրույցում ասացին՝ աշխատում են թե իրավաբանական, թե ֆիզիկական անձանց հետ։ Առավել հաճախ փորձաքննության պատվիրատուները լինում են արտադրողները, արտահանողները։

«Ցանկացած քաղաքացի կարող է գնել որևէ սննդամթերք, բերել մեզ մոտ։ Մենք ընդունում ենք պատվերը,  կատարում ենք փորձաքննություն ըստ գործող կանոնակարգի, տալիս ենք պատասխան  տվյալ նմուշի համար»,-ասացին ընկերությունից։

Այս լաբորատորիայում հավի մսում մեկ հակաբիոտիկի պարունակությունը ստուգելու փորձաքննությունն արժեք 15 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, ՄԱՖԱՄ-ի դասական եղանակով փորձաքննությունը 6 հազար դրամ է, սալմոնելայինը՝ 10 հազար դրամ։

ՀԱԲԼԾԿ-ն, որ հիմնական տեսչական մարմնի նմուշառած սննդամթերքն է փորձաքննում, հավի մսում մեկ հակաբիոտիկի ստուգումն իրականացնում է 36 հազար դրամով, մանրէաբանական արագ փորձաքննությունն այստեղ արժե 18 հազար դրամ, յուրաքանչյուր ցուցանիշի  դասական փորձաքննությունը՝ 9.6 հազար դրամ։

Հակաբիոտիկի փորձաքննությունը տևում է 1-2 օր, մանրէաբանական փորձաքննությունը դասական եղանակով մինչև մեկ շաբաթ ու նույնիսկ ավելի։

Լաբորատորիաների պատասխանատուներն ընդգծում են՝ փորձաքննության հանձնված նմուշում հայտնաբերված խախտումները չի կարելի տարածել նույն ընկերության նույն արտադրանքի ողջ խմբաքանակի վրա, լաբորատորիաները պատասխանտվություն են կրում միայն ու միայն փորձաքննության հանձնված նմուշի ցուցանիշների համար։

ՀԱԲԼԾԿ-ի տնօրենի տեղակալ Արմենուհի Ավագյանը Panorama.am-ի հետ զրուցում մանրամասնեց, մանրէաբանական ցուցանիշների առումով կարևոր են պահպանման պայմանները։

«Կախված այն բանից, ինչպե՞ս է տեղափոխվել խանութ հավի միսը, հետագայում ինչպիսի պայմաններում է պահպանվել միսը, կարող են մանրէաբանական ցուցանիշները փոփոխվել։ Ենթադրենք, որ նույն ընկերության նույն ատադրանքի նույն խմբաքանակի մի մասը խանութ տեղափոխվել է սառնարանային պայմաններում, մյուս մասը՝ ոչ, հնարավոր է մի խանութում սառնարանը որոշ ժամանակով անջատվել է, միսը հալվել է, հետո էլի սառեցվել... սրանք գործոններ են, որոնք շատ խիստ ազդում են մանրէաբանական  ցուցանիշների վրա։ Եթե խանութից գնված մսում հայտնաբերվում են խախտումներ, դա չի վկայում այն մասին, որ արտադրման պահին թռչնամիսն ունեցել է այդ խախտումները»,-ասաց նա։

Լաբորատորիայի փոխտնօրենը բացատրեց, մանրէաբանական առումով գոյություն ունի առաջնային և երկրորդային աղտոտվածություն։ Եթե խնդիրն առաջացել է արտադրողի մոտ, ապա գործ ունենք առաջնային աղտոտվածության հետ, եթե իրացման կետում է խնդիրն առաջ եկել, ապա գործ ունենք երկրորդային աղտոտվածության հետ։

Ի դեպ, «Երեմյան փրոջեքթս» ընկերությանը պատկանող ռեստորանում թունավորումների ու աղիքային վարակի պատճառը, ըստ ՍԱՏՄ ղեկավարի,  եղել էր հենց երկրորդային աղտոտվածությունը։

Նույն արտադրողի նույն հավի մսում հակաբիոտիկների առկայության մասով փորձաքննության արդյունքները նույնպես կարող են տարբեր լինել։

«Հնարավոր է՝ թռչնաբուծարանում մի քանի հավ հիվանդ են եղել, նրանց բուժել են հակաբիոտիկով ու չեն սպասել, որ դեղը դուրս գա օրգանիզմից, մորթել են։ Դա նորմալ է, որ բուժման նպատակով պետք է հակաբիոտիկ տան։ Երբմեն դեղը տալիս են նաև հիվանդությունների կանխարգելման համար։ Հետևաբար առողջ կամ ավելի քիչ, ավելի վաղ հակաբիոտիկ ընդունած թռչնի մսում հակաբիոտիկները կարող են լինել նորմայի սահմանում»,-մանրամասնեց Արմենուհի Ավագյանը։

Հավի մսի շուկայում առկա խնդիրների մասին Panorama.am-ի հրապարակումը՝ այստեղ։

 

Placeholder
Հավի միսն ուտե՞լ, թե՞ փորձաքննության հանձնել