Պեկին-2022․ Գեղասահորդուհի Վալիևան առաջատարն է Պեկինի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում
Աշխարհում
19:34 15/02/2022
Աշխարհ

Պեկին-2022․ Գեղասահորդուհի Վալիևան առաջատարն է Պեկինի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում

Ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան Պեկինի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրից հետո զբաղեցնում է առաջին տեղը, գրում է ՏԱՍՍ-ը։

Վալիևան հավաքել է 82,16 միավոր։ Երկրորդը Աննա Շչերբակովան էր, որը ստացել է 80,20 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակել է ճապոնացի Կաորի Սակամոտոն (79,84): Ռուս Ալեքսանդրա Տրուսովան զբաղեցրել է չորրորդ տեղը (74,60):

Վալիևան 15 տարեկան է, նա մարզվում է Էթերի Տուտբերիձեի ղեկավարությամբ։ Գեղասահորդուհին Ռուսաստանի և Եվրոպայի գործող չեմպիոնն է, նա համաշխարհային ռեկորդներ ունի կարճ (90,45 միավոր), ազատ (185,29) և ընդհանուր (272,71) ծրագրերում։

Կանանց հաջորդ ծրագիրը կանցկացվի փետրվարի 17-ին, մրցույթի մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 13:00-ին։

Վալիևայի պատմությունը

Փետրվարի 7-ին Ռուսաստանի գեղասահքի թիմը, որի կազմում էին Վալիևան, Մարկ Կոնդրատյուկը, Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալյամովը, Վիկտորյա Սինիցինան և Նիկիտա Կացալապովը, թիմային մրցաշարում նվաճել են Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկին։ Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը (ITA) փետրվարի 11-ին հայտնել է, որ թիմային մրցաշարի հաղթողների և մրցանակակիրների մրցանակաբաշխությունը հետաձգվել է դեկտեմբերի 25-ին անցած Վալիևայի դոպինգ թեստի դրական արդյունքի պատճառով։

Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (RUSADA) փետրվարի 8-ին ժամանակավոր կասեցում է սահմանել գեղասարհորդի նկատմամբ, որը նա հաջողությամբ վիճարկել է հաջորդ օրը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) և Գեղասահքի միջազգային միությունը (ISU) բողոքներ են ներկայացրել որոշման դեմ։

Երկուշաբթի օրը Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չի բավարարել ՄՕԿ-ի, WADA-ի և ISU-ի բողոքները՝ ընդդեմ RUSADA-ի կարգապահական կոմիտեի՝ Վալիևայի ժամանակավոր կասեցումը վերացնելու որոշման:  

Placeholder
Պեկին-2022․ Գեղասահորդուհի Վալիևան առաջատարն է Պեկինի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում