Ամազոնի անտառները հատվում են ռեկորդային արագությամբ. բնապահպանները մեղադրում են Բրազիլիայի նախագահին
Աշխարհում
19:45 19/02/2022
Աշխարհ

Ամազոնի անտառները հատվում են ռեկորդային արագությամբ. բնապահպանները մեղադրում են Բրազիլիայի նախագահին

Հունվարին Բրազիլիական Ամազոնում հատված ծառերի թիվը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա հունվարի ցուցանիշները: Այս մասին են վկայում արբանյակներից ստացված տվյալները, գրում է bbc.com-ը։

Բնապահպանները մեղադրում են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որ նա թույլ է տվել անտառահատումների տեմպերի արագացում: Նրանք ասում են, որ Ամազոնի բուսական աշխարհի պաշտպանությունը անհրաժեշտ է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար:

Աշխարհի խոշորագույն արևադարձային անտառում, որը տեղակայված է Ամազոն գետի գրեթե ողջ ջրավազանն ընդգրկող հսկայական հարթավայրում, ծառերը հատվում են փայտանյութի, գյուղատնտեսական մշակաբույսերի տնկման համար հողը մաքրելու նպատակով։

2021 թվականաի նոյեմբերին Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովում աշխարհի 100-ից ավելի պետություններ խոստացել են մինչև 2030 թվականը դադարեցնել անտառահատումները և լրացնել անհետացած ծառերի քանակը:

Բնապահպանների խոսքով՝ Բրազիլական Insee տիեզերական գործակալության արբանյակային վերջին տվյալները կրկին կասկածի տակ են դնում երկրի արևադարձային անտառները պաշտպանելու Բրազիլիայի իշխանությունների հանձնառությունը:

«Նոր տվյալները կրկին ցույց են տվել, թե ինչպես են կառավարության գործողությունները հակասում իր իսկ կանաչապատման արշավներին»,- ասում է բրազիլական «Greenpeace» միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ  Քրիստիան Մացետին:

Այս տարվա հունվարին Բրազիլիայում ոչնչացվել են 430 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվող անտառները, ինչը մոտավորապես համադրելի  է Մինսկի տարածքի հետ։


 

Placeholder
Ամազոնի անտառները հատվում են ռեկորդային արագությամբ. բնապահպանները մեղադրում են Բրազիլիայի նախագահին