Վեդիի քաղաքապետի պաշտոնի համար երկու ուժ է պայքարելու
Քաղաքական
10:49 21/02/2022
Հայաստան

Վեդիի քաղաքապետի պաշտոնի համար երկու ուժ է պայքարելու

Վեդիի ՏԻՄ համամասնական ընտրություններում ընտրացուցակ է առաջադրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Թիվ 13 ՏԸՀ նախագահ Հովիկ Գասպարյանը։

ՔՊ ընտրացուցակը ղեկավարում է Գարիկ Սարգսյանը, ով առավել հայտնի է կոկորդիլոսագետ անունով Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան բացելու շրջանակում կոկորդիլոսի կառուցվածքի մասին հայտարարությունների պատճառով։ Այս պահին նա Վեդիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է խոշորացված Վեդի համանյքի կազմի մեջ մտած Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում Թաթրիկյանի ղեկավարած քաղաքական ուժը ՔՊ-ից ավելի շատ ձայներ էր հավաքել։ Քվեարկությանը մասնակցել էր 20 125 մարդ։

«Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝
7 690 մարդ։ Ծնունդով արարատից Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3 299 ընտրող։

Ինչպես բոլոր համայնքներում, այստեղ էլ ՔՊ-ն չհամակերպվեց պարտության հետ, «Հանրապետություն» կուսակցության հետ ավագանու ընտրված անդամների, բոլոր թեկնածուների ինքանբացարկների միջոցով պարտադրեցին նոր ընտրություններ։

Վեդիում անցած ընտրություններին ընտրեու իրավունք ունեցողների թիվը
37 011 էր։

Առաջադրված ուժերի գրանցումը կատարվում է մինչև փետրվարի 25-ը ժամը 18։00-ն։ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված ժամանակացույցի համաձայն, արտահերթ ընտրությունների քարոզչությունը մեկնարկում է մարտի 3-ին, կշարունակվի մինչև մարտի 25-ը ժամը 24։00-ը։

Մասնակից քաղաքական ուժերը, դրանցում ներառված թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել մինչև մարտի 17-ը։ Քվեաթերթիկները տպագրվում են մարտի 17-ին։ Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ավարտվում է  մարտի 28-ին ժամը 16։00-ին։

Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, վերահաշվարկի վերաբերյալ դիմումները  կարող են ներկայացվել մարտի 28-ին ժամը 12։00-ից մինչև ժամը 18։00-ն, մարտի 29-ին ժամը 9։00-ից մինչև 11։00-ն։

Վերահաշվարկի աշխատանքները սկսում են մարտի 29-ին ժամը 14։00-ից, ավարտվում են ապրիլի 1-ին ժամը 14։00-ին։ Քվեարկության արդյունքներն ամփոփվում են և արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է ապրիլի 3-ին։

Placeholder
Վեդիի քաղաքապետի պաշտոնի համար երկու ուժ է պայքարելու