Այդ տղան չի գիտակցում, որ Բայդենը և Ջոնսոնն աղոթելուց բացի իր համար ոչինչ չեն կարող անել. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
17:33 24/02/2022
Աշխարհ

Այդ տղան չի գիտակցում, որ Բայդենը և Ջոնսոնն աղոթելուց բացի իր համար ոչինչ չեն կարող անել. Նաիրա Զոհրաբյան

«Ուկրաինայում կատարվողը կանխատեսելի էր, քանի որ Արևմուտքը տևական ժամանակ տրամադրում էր Ուկրաինային ՌԴ-ի դեմ»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ իր մոտ դեժավյու էր, քանի որ նույն սցենարն է կատարվում, ինչ արվեց Սաակաշվիլիի հետ:

Բանախոսը նկատեց, որ ժամանակին այդ քայլին էր գնում Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, որը տարիներ անց հայտարարեց՝ իր մեծագույն սխալն է եղել Թուրքիայի դեմ իր երկրի դռների բացումը և հիմա անձամբ է խորհուրդ տալիս նման բան չանել:

«Մեծագույն հարգանք ունենալով ուկրաինական ժողովրդի հանդեպ, պետք է ցավով արձանագրեմ՝ ՆԱՏՕ-ի սիրելի ուկրաինացինե՛ր, ես չէի ուզի, որ դուք այս գնով հասկանայիք՝ ՆԱՏՕ-ի նավերը ուկրաինական լեռներ չեն բարձրանալու և, որ Զելենսկին այս օրերին սպանում է Ուկրաինային»,-հայտարարեց Զոհրաբյանը։

Նա գտնում է, որ այդ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե Արևմուտքը ՌԴ-ի հետ կարողանար պայմանավորվել աշխարհի անվտանգության նոր ճարտարապետության շուրջ:

Բանախոսի կարծիքով՝ եթե հետխորհրդային տարածքներ ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացման անթույլատրելիության վերաբերյալ ՌԴ-ի լեգիտիմ մտահոգությունը չանտեսվեր Արևմուտքի կողմից և փորձեին գտնել կոմպրոմիսներ, ապա պատերազմ չէր սկսվի:

Շեշտելով, որ Արևմուտքը միշտ քաջալերում էր Զելենսկուն՝ ասելով, թե միշտ իր կողմից է և զենք էին մատակարարում՝ ԱԺ նախկին պատգամավորն ասաց. «Այսօր ունենք իրավիճակ, երբ Բայդենը հայտնում է՝ ինքն աղոթում է ուկրաինացի ժողովրդի համար, Բորիս Ջանսոնն էլ հույս է հայտնել, որ Ուկրաինան կդիմանա»:

Զոհրաբյանը ցավ հայտնեց, որ Ուկրաինայի «ծաղրածու» նախագահը չէր հասկանում, թե ինչ աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ է քաշում իր երկիրը:

«Լսելով Զելենսկուն՝ կաող ենք ասել, որ այդ տղան չի գիտակցում արհավիրքի ամբողջ մասշտաբները, չի գիտակցում, որ Բայդենը և Բորիս Ջոնսոնն աղոթելուց բացի իր համար ոչինչ չեն կարող անել»,-հայտարարեց Զոհրաբյանը:
 

Placeholder
Այդ տղան չի գիտակցում, որ Բայդենը և Ջոնսոնն աղոթելուց բացի իր համար ոչինչ չեն կարող անել. Նաիրա Զոհրաբյան