Բավարիայի պետական օպերան դադարեցնում է համագործակցությունը Նետրեբկոյի և Գերգիևի հետ
Մշակույթ
20:30 01/03/2022
Աշխարհ

Բավարիայի պետական օպերան դադարեցնում է համագործակցությունը Նետրեբկոյի և Գերգիևի հետ

Բավարիայի պետական օպերան դադարեցնում է համագործակցությունը օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի և աշխարհահռչակ ռուս դիրիժոր Վալերի Գերգիևի հետ: Այս մասին Twitter-ում գրել է օպերայի կառավարիչ-տնօրեն Սերժ Դորնինը, գրում է vesti,ru-ն։

Պատճառը, ինչպես պարզաբանել է նա, արտիստների «անբավարար հեռավորությունն» է Ուկրաինայի իրադարձություններից։

Նշվում է, որ երկու օր առաջ Աննա Նետրեբկոն սոցցանցերի իր էջում տեղադրել էր ռուսերեն և անգլերեն լեզուներով գրություն, որում հայտնել էր, որ Ուկրաինայի իրադրությունը չափազանց լուրջ է, որպեսզի դա մեկնաբանեն առանց մտածելու:

Երգչուհին նաև հավելել է, որ դա սխալ է, երբ արտիստներին, այլ հասարակական անձանց ստիպում են արտահայտել իրենց քաղաքական կարծիքը և դատապարտել իրենց հայրենիքը: «Դա պետք է լինի ազատ ընտրություն։ Ինչպես իմ գործընկերների մեծ մասը, ես քաղաքական անձ չեմ», – հայտարարել է երգչուհին։

Ինչ վերաբերում է Վալերի Գերգիևին, ավելի վաղ Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռեյթերը որոշում էր կայացրել նրան հեռացնել Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից։ Մինչ այս Ռեյթերը դիրիժորից պահանջել է «հստակ և միանշանակորեն հեռու մնալ» Ուկրաինայում ռուսական օպերացիայից, սակայն Գերգիևը, ըստ նրա, չի հայտնել իր դիրքորոշումը։

Placeholder
Բավարիայի պետական օպերան դադարեցնում է համագործակցությունը Նետրեբկոյի և Գերգիևի հետ