64 երկիր գրանցվել է  Հայաստանում կայանալիք Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցելու համար
Կրթություն, գիտություն
16:25 03/03/2022
Հայաստան

64 երկիր գրանցվել է Հայաստանում կայանալիք Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցելու համար

Այս տարվա հուլիսին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և  տեղեկատվության վարչության փոխանցմամբ,  օլիմպիադային պատշաճ նախապատրաստվելու և համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու նպատակով հանձնաժողովը երկու շաբաթը մեկ կգումարի նիստեր՝ ընթացիկ իրավիճակը վերահսկելու, խնդիրներին արագ արձագանքելու և բոլոր աշխատանքները որակյալ կազմակերպելու համար:

«2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանի խոսքով՝ կազմկոմիտեի՝ օլիմպիադային մասնակցելու հրավերին անդամ երկրներից այս պահի դրությամբ արձագանքել և առցանց հարթակում գրանցվել է 64 երկիր:
Հայտագրման գործընթացը կավարտվի մարտի 10-ին, և մինչև ամսվա վերջը կուրվագծվի պատվիրակությունների և մասնակիցների հստակ թվաքանակը:

Գայանե Ղուկասյանը տեղեկացրել է, որ օլիմպիադային մասնակցելու են նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ:

 

Placeholder
64 երկիր գրանցվել է Հայաստանում կայանալիք Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցելու համար