Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Տաշիր Պիցցա»-ում թունավորումների փաստով քրգործի շրջանակում հարցաքննվել է ավելի քան 100 տուժող
«Տաշիր Պիցցա» սննդի երկու կետերում անցած տարվա նոյեմբերին գրանցված մասայական թունավորումների փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել ավելի քան 100 մարդ։ Այս մասին Panorama.am-ին հայտնում են ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունից։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Panorama.am-ը, վկայակոչելով ՔԿ մամուլի խոսնակի փոխանցած տեղեկությունները, գրել էր ««Երեմյանների» ռեստորանում, «Տաշիր Պիցցա»-ում թունավորումների փաստով քրգործը տեղում դոփում է»։
ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունից պարզաբանում են՝ աշխատանք են կատարել, ապա թվարկում են.
««Պիցցա Տաշիր» ՍՊ ընկերության սննդի կետերում սննդային թունավորումներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով 2021 թվականի նոյեմբերի 6-ին հարուցվել է թիվ 13755121 քրեական գործը:
Դեպքի օրվանից մինչ օրս, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարցաքննվել է 100 և ավելի տուժող, նրանց մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Բացի այդ հիշյալ ժամանակահատվածում, նշված տուժողների վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց մի մասի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Առգրավվել են բուժօգնության դիմած բոլոր քաղաքացիների վերաբերյալ լրացված հիվանդության պատմագրերը:
Պարզվել են մատակարար կազմակերպությունները և այդ մասով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Հեռավոր մարզերում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում գտնվող թունավորում ստացած և բուժօգնության դիմած քաղաքացիներին հայտնաբերելու և վերջիններիս մասնակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
Վերոնշյալ քրեական գործով պլանավորած քննչական ու դատավարական գործողությունները ավարտելուց և համապատասխան փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գործերով անցնող անձանց արարքներին տալ վերջնական քրեաիրավական գնահատական»։