Անթալիայի դիվանագիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությունը վտանգավոր է. Տիրան Լոքմագոզյան
Քաղաքական
18:23 09/03/2022
Հայաստան

Անթալիայի դիվանագիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությունը վտանգավոր է. Տիրան Լոքմագոզյան

«Հիմա ինձ հետաքրքրում է, թե երեկ և այսօր կատարվածներից հետո արդյո՞ք Հայաստանը մասնացելու է այդ ֆորումին»,-ասուլիսում ասաց Միջին արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հայտնել են, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին իրենց մասնակցությունը կախված  է լինելու այդ պահի իրադարձություններից:

Նա նկատեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հարթելու հարցում Հայաստանը միշտ զիջողի դիրքում է:

«Երբ մեր ղեկավարությունը տրվում էր Ադրբեջանին ու Թուրքիային և տալիս էր այն, ինչ իրենք ցանկանում էին, խանգարող էլեմնտներ կային, որոնցից մեկը Ռուսաստանն էր»,-նկատեց թուրքագետը և բացատրեց, որ ՌԴ-ին ձռնտու չէ, որ Հայաստանը «երշիկի նման շերտ առ շերտ վաճառվի», և այդ դիրքորոշումն առաջին հերթին բխում է այդ երկրի շահերից:

Տիրան Լոքմագոզյանի կարծիքով՝ Հայաստանը և Թուրքիան մտածեցին այնպես անել, որ Ռուսաստանը չկարողանա ինչ-որ բան կանխել և այդ նպատակով հայտարարեցին, որ դիվանագիտական հարաբերություններ են ուզում հաստատել, որի համար բանագնացներ  նշանակեցին:

Ըստ նրա՝ աշխարհում աննախադեպ բան է, երբ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար բանագնացներ են նշանակում, սովորաբար երկրները նստում են սեղանի շուրջ և դիվանագիտական արարողակարգի համաձայն հաստատում են հարաբերությունները:

Տիրան Լոքմագոզյանն ասաց, որ բանագնացների մակարդակով հարաբերություններ սկսելը խոսում է այն մասին, որ այդտեղ կողմերից մեկը պայման ունի, ինչը հասկացավ Մոսկվան և հայտարարեց, որ առաջին հանդիպումը պետք է ՌԴ-ում լինի, սակայն հետագայում կողմերը ձգտում էին Ռուսաստանին դուրս թողնել գործընթացից, ինչի հարմար հարթակներից մեկը Անթալիայի դիվանագիտական ֆորումն է:

«Անթալիայի դիվանագիտական ֆորումն այնպիսի հարթակ է, որ առանց Ռուսաստանի ներկայության, իրենք կարող են ուղղակի նստել և ինչ-որ բաներ պայմանավորվել, ինչու չէ՝ նաև ստորագրել, քանի որ ԱԳ նախարարն է այնտեղ գնում»,-ասաց թուրքագետը և առավել վտանգավոր համարեց, որ այսօրվա դեպքերից հետո ԱԳ նախարարը մասնակցի այդ հանդիպմանը:

Անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին Տիրան Լոքմագոզյանն ասաց. «Այն, որ որոշ շրջանակներ փորձում են մեզ համոզել, որ ռուս-թուրքական տանդեմ կա, հնարավոր չէ, չի կարող նման բան գոյություն ունենալ, քանի որ նրանց շահերը չեն համընկնում, այլ բախվում են»:

Նրա խոսքով՝ միշտ էլ այդ երկու պետությունները հակամարտության մեջ են եղել, իսկ այսօր Թուրքիան շալակել է նաև ՆԱՏՕ-ի բեռը, որը միշտ Անկարային հրահրում է Մոսկվայի դեմ:

«Թուրքիան պատվեր է ստանում գնալ առաջ, բակային կռիվների նման, երբ փոքր երեխայի ձեռքը քարը են տալիս և ասում՝ դու գնա պատուհանի ապակին կոտրի ու փախի, մնացածը մենք կանենք»,-Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները բնութագրեց թուրքագետը և հավելեց, որ բոլոր դեպքերում Անկարան զգուշավոր քաղաքականություն է վարում Մոսկվայի հանդեպ:
 

Placeholder
Անթալիայի դիվանագիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությունը վտանգավոր է. Տիրան Լոքմագոզյան