Ավանեսյան. Մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում
Առողջություն
12:21 10/03/2022
Հայաստան

Ավանեսյան. Մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում

Հանրային սննդի օբյեկտներում աղամանի առկայությունը սեղանի վրա արգելքը պետք է դիտարկել առողջության պահպանման քաղաքականության շրջանակում։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը նախագիծ է դրել քննարկման «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման։

«Ընդհանրապես, մեր նախարարությունն էլ առողջապահության նախարարություն է, մեր շեշտադրումներն ու ուղղվածությունը պետք է մի փոքր շեղենք առողջությունը պահպանելու,  կանխարգելելու, հիվանդությունները վաղ հայտնաբերելու, դրանց դեմ  արդյունավետ պայքարելու առումով»,- ասաց նախարարը։

Ա Ավանեսյանի խոսքով, իրենք որոշակի առաջարկներ են ներկայացնում հիմնված հետազոտությունների վրա։

«Մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման, խրոնիկական հիվանդությունների վիճակի վատթարացման, և մենք պետք է հստակ որոշակի վարքագծային  փոփոխություններ մտցնենք, որպեսզի մեր  առողջությունը պահպանենք։ Մեր քաղացքիաները, ըստ սովորության, առանց ճաշի համը փորձելու աղամանը տեսնելով աղ են ավելացնում։

Հարցն այստեղ չափաբաժնի պակասեցմանն է վերաբերում, ոչ թե  մեր  ռացիոնից  ընդհանրապես աղի հանելուն։ Համարվում է,  որ օրական  5 գրամ աղը բավարար է յոդի, մեր օրգանիզմին մնացած  անհրաժեշտ պաշարները հագեցնելու համար։ Դրանից ավելին  հանգեցնում է  որոշակի հիվանդությունների  առաջացմանը, սրացմանն ու խնդիրների»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ էլ չափի մեջ օգտակար է, անհրաժեշտ է, հարցը վերաբերում է դրանց չարաշահմանը։

Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ քննարկումներ կունենան ռեստորանային համակարգի ներկայացուցիչների, սպառողների շահերի պաշտպանողների, սննդաբանների, հանրային առողջության մասնագետների հետ։

Placeholder
Ավանեսյան. Մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում