Երբ Ռուսաստանը Ուկրաինայում ձախողվի, այդ ժամանակ Ադրբեջանը կբացի երկրորդ ճակատ. Ալեքսանդր Մանասյան
Քաղաքական
14:03 14/03/2022
Հայաստան

Երբ Ռուսաստանը Ուկրաինայում ձախողվի, այդ ժամանակ Ադրբեջանը կբացի երկրորդ ճակատ. Ալեքսանդր Մանասյան

«Արցախը դուրս չէ միջազգային հարաբերությունների դաշտից: Արցախով են անցնում գլոբալ քաղաքական բոլոր միջօրեականները»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը և հավելեց, որ Արցախն այն կետն է, որտեղ կարող է փոխվել համաշխարհային դաշտի հավասարակշռությունը:

Պրոֆեսորը պատահական չհամարեց հետխորհրդային տարածքում ղարաբաղյան խնդրի առկախումը։

Նկատելով, որ միջազգային իրավական բոլոր նորմերին համապատասխան Արցախը պետք է ճանաչվեր, իսկ Ադրբեջանը՝ ոչ, Մանասյանը հիմնավորեց, որ մինչև 1991 թվականի դեկտեմբերի վերջ Ադրբեջանում ինքնորոշման որևէ ակտ և անկախության հանրաքվե չի եղել, իսկ Արցախում այդ բոլորը եղել է:

Բանախոսը հիշեցրեց, որ Ադրբեջանն առաջին անգամ հռչակել է Թուրքիան, երկրոդ անգամ ԽՍՀՄ-ը, իսկ երրորդ անգամ Ադրբեջանն իրեն հռչակեց առանց հանրաքվեի՝ ԳԽ-ի որոշմամբ, իսկ Արցախը 1918 և 1991 թթ-ին երկու անգամ իր տարածքներում ինքնորոշվել է:

Ըստ Ալեքսանդր Մանասյանի՝ Արևմուտքին Արցախի լարվածության կետը պետք էր, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ նա այդ տարածքում նպատակներ ուներ իրականացնելու, որն արձանագրվեց Վրաստանում, Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում:

«Արևմուտքը պետք է ՆԱՏՕ-ի անդամ պետության բարեկամ Ադրբեջանին տեսներ ՌԴ-ի վրա գրոհելու ճակատներից մեկը, դրա համար էլ արցախյան հարցը մնում էր չլուծված»,- ասաց բանախոսը և հավելեց՝ երբ Ռուսաստանը Ուկրաինայում ձախողվի և այնքան հյուծվի, որ Թուրքիան վստահ կլինի՝ կկարողանա մտնել և ողջ Կովկասը դարձնել թուրքական ազդեցության գոտի, այդ ժամանակ էլ Ադրբեջանը կբացի երկրորդ ճակատ:

Մանասյանի խոսքով՝ այսօր Արցախում հնչող կրակոցները և գազատարի խնդիրը Ռուսաստանի արձագանքը ստուգելու համար են:

«Ռուսը ղարաբաղցուն պաշտպանեց այնքանով, որքան իրեն պետք էր, այնպես չէ, որ Ռուսաստանը պետք է թույլ տար ամբողջ Հարավային Կողվկասն անցնել Թուրքիայի ազդեցության տակ»,- հայտնեց Մանասյանը:

Նկատելով, որ Արցախի շուրջ հետագա զարգացումները կախված են ուկրանական ճակատում տեղի ունեցած գործընթացներից՝ նա չբացառեց, որ եթե Ուկրաինայում Ռուսաստանը պարտվի, հնարավոր է Արևմուտքը դրական քայլեր անի Արցախի հարցում, քանի որ Արցախը ոչ միայն ՌԴ-ին է պետք, այլ նաև Արևմուտքին:
 

Placeholder
Երբ Ռուսաստանը Ուկրաինայում ձախողվի, այդ ժամանակ Ադրբեջանը կբացի երկրորդ ճակատ. Ալեքսանդր Մանասյան