Գրիվնիով հաշիվներ բացելն անիրականանալի գործ չէ, բայց բավականին ծախսատար է. բանկի աշխատակից
Տնտեսություն
10:09 16/03/2022
Հայաստան

Գրիվնիով հաշիվներ բացելն անիրականանալի գործ չէ, բայց բավականին ծախսատար է. բանկի աշխատակից

Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունները տեղի բնակիչներին և գործարարներին ստիպեցին իրենց խնայողությունները և կապիտալը տեղափոխել այլ երկրներ: Ուկրաինական կապիտալի հոսքը փոքր չէ նաև դեպի Հայաստանի բանկային համակարգ՝ հաշվի առնելով նաև այնտեղի մոտ 450 հազարի հասնող հայկական համայնքը:

Սոցիալական ցանցերում արդեն քննարկվում են Հայաստանի բանկերում ուկրաինական գրիվնիով հաշիվներ բացելու հնարավորության հարցը: Ուկրաինայում բնակվողների թվում կան մարդիկ, որոնք ունեն գրիվնիի մեծ քանակություն և ցանկանում են դրանք առանց կոնվերտացիայի պահպանել հայկական բանկերում, քանի որ հակամարտության ֆոնին այն արժեզրկվել է և հույս ունեն, որ վիճակը կարգավորվելուց հետո փոխարժեքն առնվազն կվերադառնա նախկին մակարդակին:

Գրիվնիով հաշիվներ բացելու հնարավորությունները պարզելու համար Panorama.am-ը դիմեց Հայաստանի բանկերին:

«Մենք գրիվնիով հաշիվներ չունենք դրսում, դրա համար էլ չենք սպասարկում: Գրիվնին բանկի համար իրացվելի չէ, քանի որ այն միջազգային արժույթ չէ: Դոլար, դրամ, ռուբլի, եվրո ունենք, բայց գրիվնի չէ»,- Panorama.am-ին հայտնեց ԱԿԲԱ բանկի վաճառքների բաժնի աշխատակից Արման Մուրադյանը և հավելեց.

«Իրականում գրվնիով հաշիվներ բացելն անիրականանալի գործ չէ, բայց բավականին ծախսատար է, որի համար պետք է նոր համագործակցություն սկսվի այլ բանկերի հետ: Որպեսզի մեր բանկը կարողանա մտնել այդ գործընթացի մեջ, մեզ հստակ երաշխիքներ են պետք ծավալների հետ կապված, թե ինչ ծավալի գրիվնիի մասին է խոսքը գնում, ինչը թույլ կտա բանկի ֆինանսական տնօրինությանը հաշվարկ իրականացնել՝ պարզելու բիզնեսի տեսանկյունից այն ձեռնտու է, թե ոչ: Մենք պետք է ճկունություն ցուցաբերենք, հետևենք շուկայի զարգացումներին, տեսնենք, թե ինչքանով է դրա ակտուալությունը մեծանում, որից հետո, ավելի ուշ հնարավոր լինի հարցը քննարկել, քանի որ այս պահին, ինֆորմացիայի բացակայության պայմաններում, հնարավոր չէ ոչ մի բան անել»:

Բանկի աշխատակիցը պարզաբանեց, որ արտերկրից ցանկացած արժույթ Հայաստան փոխանցելու համար, բանկը պետք է ունենա գործընկեր բանկ: Որպեսզի գրիվնիով սպասարկի՝ միջազգային բանկերում պետք է բացվի գրիվնիով հաշիվներ, որոնք բանկի հաշիվներն են արտասահմանյան դրամատներում:

«Այսինքն՝ քաղաքացին իր գրիվնիով գումարը փոխանցում է մեր արտասահմանյան հաշվին, մենք այստեղ իրեն տրամադրում ենք այդ գումարը: Այն իրականացվում է SWIFT համակարգով՝ ինֆորմացիան մեզ ուղարկում են գործընկեր և միջնորդ բանկերը, որոնք միջնորդում են տրանսակցիաների համար»,-ասաց մասնագետը:

Արման Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ ԱԿԲԱ բանկը գրիվնիով հաշիվ բացելու դիմումներ ֆիզիկական անձանցից դեռ չի ստացել:

Նրա խոսքով՝ Ուկրաինայից հաճախորդները փորձում են միջազգային արժույթներ տեղափոխել Հայաստան: Հնարավոր համարելով գրիվնի կոնվերտացիայով մի քանի ֆիզիկական անձանց կողմից գումարներ ուղարկելու տարբերակը՝ բանկի մասնագետը ընդգծեց, որ բիզնեսների խոշոր գումարները հիմնականում արտարժույթով են ուղարկվում ԱԿԲԱ բանկ, բայց եթե բանկում մեծանա պահանջարկն, ապա այն կարող է քննարկման առարկա դառնալ:

Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատախսան Կոնվերս Բանկից էլ հայտնեցին. «Կոնվերս Բանկն ուկրաինական արժույթով՝ Գրիվնիայով գնանշումներ չի իրականացնում, չունի տվյալ արտարժույթով ֆիզիկական անձանց համար հաստատված հրապարակային օֆերտա (սակագներ և պայմաններ), հետևաբար՝ Բանկում այդ արժույթով հաշիվներ բացվել չեն կարող»,-

Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը
 

Placeholder
Գրիվնիով հաշիվներ բացելն անիրականանալի գործ չէ, բայց բավականին ծախսատար է. բանկի աշխատակից