Կառավարությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում այլևս չի հրապարակի պետական մարմինների ցուցանիշները
Տնտեսություն
13:08 16/03/2022
Հայաստան

Կառավարությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում այլևս չի հրապարակի պետական մարմինների ցուցանիշները

«Հաշվի առնելով կառավարության դիտարկումները և հանձնաժողովում քննարկման արդյունքները, մենք առաջարկեցինք, որպեսզի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի հրապարակման կարգում կատարենք բացառություն և չհրապարակենք պետական և համայնքային կառավարչական մարմինների տվյալները»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ներկայացնելով՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ նիստում քննարկվող արդեն երրորդ օրենքի նախագիծը։

ՊԵԿ պաշտոնյան այդ որոշումը հիմնավորեց նրանով, որ պետական և համայնքային մարմինները բիզնեսի տեսանկյունից որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ այդ մարմինների վճարած հարկերի 93 %-ը եկամտային հարկն է, մնացածն էլ՝ ավելացված արժեքի հարկը:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ առաջարկեց նաև այս տարի հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակից հանել պետական և համայնքային մարմինների ցուցանիշները, ինչի հետ համաձայնեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Արթուր Մանուկյանի խոսքով՝ նախագծով նաև սահմանվում է, որ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել հարկային պարտավորությունն ավելացնող և հաշվանցվող գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման դեպքերի համար:

Ըստ պաշտոնյայի՝ մեկ այլ փոփոխությամբ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքում տնտեսվարողին ճշտված հաշվարկների ներկայացման թույլտվություն է տրվում, որը գործող օրենքում չկա:

Փոփոխություններով նաև սահմանվում է, որ ստուգման ժամանակ տնտեսվարողի գործունեության կասեցումը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածի համապատասխան աշխատանքային օրերի քանակով։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրակարգում ընդգրկված բոլոր 6 նախագծերին՝

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին(առաջին ընթերցում),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(առաջին ընթերցում),

«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին(առաջին ընթերցում),

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին(երկրորդ ընթերցում),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցում)

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում):
 

Placeholder
Կառավարությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում այլևս չի հրապարակի պետական մարմինների ցուցանիշները