ՔՊ-ական որոշ պատգամավորներ հանդես են գալիս Հայաստան-Արցախ դավաճանական հռետորաբանությամբ. Գալստյան
Քաղաքական
18:51 22/03/2022
Հայաստան

ՔՊ-ական որոշ պատգամավորներ հանդես են գալիս Հայաստան-Արցախ դավաճանական հռետորաբանությամբ. Գալստյան

«Մարտի 10-ին Եվրամիության խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» հայտնի բանաձևը: Ցավոք, այդ օրերին հայկական քաղաքական դիսկուրսում աղն ու աղաման ավելի շատ  շրջանառվեցին, քան Եվրոպական  այս կարևորագույն կառույցի կողմից ընդունված բանաձևը»,- Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ բանաձևը մասնավորապես հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումն իրականացվում է ոչ միայն այն ոչնչացնելու, այլև պատմության կեղծման և վերջիններիս «ալբանացման»  նպատակով:

Լ.Գալստյանն ասաց, որ բազմաթիվ հաստատումների կողքին ներկայացնում է իր կարծիքով հատկապես երկու կարևորագույնները. «Բանաձևի երկրորդ կետով մասնավորապես արձանագրվեց Armenophobia/Արմենոֆոբիա եզրույթը և ամրագրվեց, որ Ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվում են և համակարգային բնույթ են կրում  հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայատյացությունը, հակահումանիզմը,Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները:

Տասներորդ կետով  Եվրոպական պառլամենտը նույնքան կարևոր հաստատում արեց՝  կոչ անելով Ադրբեջանին զսպել Հայաստանի նկատմամբ իր մաքսիմալիստական՝ տարածքային և ռազմական նկրտումները, և ներգրավվել և աջակցել ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման աշխատանքներին»:

Պատգամավորի խոսքով, թվում էր, թե ՀՀ  իշխանությունները պետք է անխուսափելիորեն կապիտալիզացնեին Եվրոպական հանրույթի այս աննախադեպ ամրագրումները, բայց՝ ոչ:

«Ճիշտ այդ օրերին ՔՊ-ական որոշ պատգամավորներ հանդես են գալիս Հայաստան-Արցախ, իմ կարծիքով, հակապետական և դավաճանական հռետորաբանությամբ, ոմանք էլ կասկածի տակ են դնում մեր պատմական և քաղաքական իրավունքները:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից մարտի 10-ին հանրայնացված հինգ կետերից հետո ԱԳՆ-ն դիմում  է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Ավելին՝ նախարարը բառի խորը գիտակցությամբ հայտարարում է, որ ադրբեջանական առաջարկներում Հայաստանի համար մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա:

Մինչդեռ այդ հինգ առաջարկներն ըստ էության բխում են սոսկ Ադրբեջանի շահերից՝ առանցքում ունենալով  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Լ. Գալստյանը։

Նա հիշեցրեց, որ ճիշտ սրան զուգահեռ թե Հայաստանի, թե Արցախի սահմանին շարունակվում է ռազմական ինտերվենցիան, Արցախում հումանիտար աղետը, սահմանին՝ զոհերը, իսկ մեր պաշտոնական դիսկուրսում ոչ մի խոսք թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունների կամ դրանց ապացուցողական բազայի մասին:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց նաև՝ միջազգային իրավունքի ուժի մասին Վիենայի 1964 թ.  կոնվենցիան հստակ սահմանում է՝ չի կարելի ռազմական ինտերվենցիայի սպառնալիքի ներքո պետությանը պարտադրել որևի փաստաթղթի ստորագրում:

«Մուրալով խաղաղություն՝ առանց  թուրք-ադրբեջանական ագրեսիային գնահատական տալու, առանց նրանց միջազգային պատասխանատվության, առանց քաղաքական և միջազգային գնահատականի,  առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, նշանակում է լեգիտիմացնել թուրք-ադրբեջանական ցեղասպանական նկրտումները»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ ելույթն ավարտելով Գոլդա Մեիրի խոսքով՝ «չի կարելի խաղաղության մասին  խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»։

Placeholder
ՔՊ-ական որոշ պատգամավորներ հանդես են գալիս Հայաստան-Արցախ դավաճանական հռետորաբանությամբ. Գալստյան