Պետությունը չի կարող պետական պարտքն անվերջ ավելացնել և հետո դրա վճարելը թողնել սերունդների վրա. Հռիփսիմե Ստամբուլյան
Տնտեսություն
15:36 28/03/2022
Հայաստան

Պետությունը չի կարող պետական պարտքն անվերջ ավելացնել և հետո դրա վճարելը թողնել սերունդների վրա. Հռիփսիմե Ստամբուլյան

«Ինչպես բիզնեսը չի կարող անվերջ պարտքեր կուտակել, քանի որ մի օր պետք է դրանք մարի, այնպես էլ պետությունը չի կարող պետական պարտքն ավելացնել և հետո դրա վճարելը թողնել մյուս սերունդների վրա»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Հռիփսիմե Ստամբուլյանը:

Ընդդիմադիր պատգամավորը տարակուսեց, թե, հանձինս պետության ղեկավարի, ինչքանո՞վ լուրջ է ընկալվում այն, որ պետությունը չի կարող անընդհատ պետական պարտքն ավելացնել և պետք է ծախսերն էլ կրճատվեն:

Հռիփսիմե Ստամբուլյանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ շոկեր են կանխատեսվում առաջիկայում և ի՞նչ տնտեսական մեխանիզմներ են կիրառվում գնաճն կանգնեցնելու համար:

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ շոկերը քիչ չեն, որի մասին հենց ինքն է առիթ ունեցել խոսել:

«Մեկ շոկը՝ մեր քաղաքացիների դրամական փոխանցումներն են, որոնք ստացվում են ՌԴ-ից»,-ասաց նախարարը և տեղեկացրեց, որ 2020-21 թթ Ռուսաստանից փոխանցումները կազմել են 850 մլն դոլար և ներկա իրավիճակը համադրելով 2014 թվականի նման ցնցման հետ, ֆինանսների նախարարությունը կանխատեսել է այդ հոսքերի 40 % նվազում:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ խնդիր է նաև դեպի ՌԴ արտահանումները, որը 2021 թվականին 860-870 մլն դոլար էր, բայց վստահություն հայտնեց, որ հայաստանյան արտահանողներն առաջիկայում կվերագտնեն նոր շուկաներ:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ գնաճի և տնտեսական ակտիվության ցուցանիշի կանխատեսումը ԿԲ-ի խնդիրներն են, իսկ կառավարությունը, եթե տեսնի, որ հարկերը տարվա ընթացքում նվազում են, պետք է մտածի պարտքեր ներգրավելու ուղղությամբ, որպեսզի այդ բացը փակի:

«Եթե գա այնպիսի իրավիճակ, որ առաջնային ծախսեր կատարելու համար պետք է վերանայվեն պարգևավճարների համար տրվող գումարները, բանականաբար, կլինեն նաև այդ որոշումները»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Անդրադառնալով պետական պարտքին՝ ֆինանսների նախարարն ասաց. «Մենք չենք պատրաստվում և չենք կարծում, որ պետական պարտքը կարելի է անկառավարելի ձևով ավելացնել, այն պետք է վերցնել երբ դրա անհրաժեշտությունը հստակ է և առկա են վերադարձման կարողությունները»:


Նրա խոսքով՝ պետական պարտք ներգրավելու համար կառավարությունը դիմում է Արժույթի միջազգային հիմնադրամին և հաշվի է առնում նրա կարծիքը, որից հետո ՖԻՏՉ-ը բարձրացրել է Հայաստանի վարկունակության ցուցանիշը, իսկ գնաճը պետք է կառավարվի ԿԲ գործիքակազմով:

Placeholder
Պետությունը չի կարող պետական պարտքն անվերջ ավելացնել և հետո դրա վճարելը թողնել սերունդների վրա. Հռիփսիմե Ստամբուլյան