Չեխովի անվան դպրոցի տնօրեն կրկին չի ընտրվել
Կրթություն, գիտություն
16:57 14/04/2022
Հայաստան

Չեխովի անվան դպրոցի տնօրեն կրկին չի ընտրվել

Այսօր «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հերթական մրցույթը կայացավ, սակայն կրկին հնարավոր չի եղել տնօրեն ընտրել։ Տնօրեն ընտրվելու համար անհրաժեշտ է թեկնածուն հավաքի նվազագույնը 6 ձայն, սակայն դպրոցի ծնողական խորհրդի անդամ Իռեն Մարտիրոսյանի ներկայացմամբ, թեկնածուներից Տաթևիկ Մելքոնյանը ստացել է 4 ձայն՝ ծնողական և ուսուցչական կազմից, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը՝ 4 ձայն քաղաքապետարանից, մեկ ձայն նախարարությունից Անժելա Կարապետյանը։

«Խնդիրն այն է, որ դպրոցը  կրկին չունի տնօրեն, ինչի հետևանքով խաթարված է բնականոն աշխատանքը, երեխաները բորբոքված են։ Պատրաստվում են քննությունների, վերջին զանգի, չէ՞ր կարելի երեխաներին նորմալ ճանապարհեին։ Թող այս երկու ամսին էլ նորմալ անցներ, թողեին նախկին պաշտոնակատարին՝ Տաթևիկ Մելքոնյանին, ավարտվեր այս ուսումնական տարին, հետո շարունակեին ընտրությունը կամ նոր ԺՊ նշանակեին»,- ասաց Ի.Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ դպրոցական համայնքն ունի իր թեկնածուն՝ Տաթևիկ Մելքոնանը, ով այդտեղ աշխատում է 19 տարի։

«Նա մեր համայնքի անդամ է։ Բայց, փաստացի, մեր ձայնը չի լսվում։ Հոկտեմբերից նույն տեղում ենք կանգնած, առաջ չենք գնում։ Ուզում ենք մեր ձայնը լսեն»,- ասաց Չեխովի անվան դպրոցի ծնողական խորհրդի անդամը։

Placeholder
Չեխովի անվան դպրոցի տնօրեն կրկին չի ընտրվել