Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Խաղաղություն» դրոշով մեզ տանում են կործանարար պատերազմի. Կարեն Վրթանեսյան
Ազատության հրապարակում կազմակերպված բաց քննարկման ժամանակ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գնահատեց ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու թեզը:
«Եթե իրերն անվանենք իրենց անունով, ապա կհասկանանք, որ չկա խաղաղության օրակարգ: Ուղղակի կա մի դրոշ, որի վրա գրված է «խաղաղություն», բայց մեզ այդ դրոշով տանում են պատերազմի՝ կործանարար , աղետալի պարտություն ենթադրող պատերազմի: Այն, ինչ հրամցնում են որպես խաղաղություն, բացարձակապես խաղաղություն չէ:
Եթե Ադրբեջանը տրամադրված լիներ խաղաղության, ապա իրեն լրիվ այլ կերպ կպահեր, վեհ քայլերի կգնար, Դադիվանքը կբացեր, կամ թույլ կտար, որ վանքի հետ ուղիղ կապ լիներ: Ենթադրենք, որ մենք պարտված ջախջախված ենք, իրենք են ինչ-որ վեհ քայլեր են անում՝ ասելով՝ վերջ, պատերազմն ավարտված է, եկեք հիմա խաղաղության դարաշրջան հաստատենք:
Մենք այն չենք տեսնում, փոխարենը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ թափով իր ռեսուրսներն ուղղում է Արցախի օկուպացված տարածքում զորամասեր, զորքերի արագ տեղափոխման համար ճանապարհներ կառուցելուն: Երկրորդ՝ եկեք ենթադրենք, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից, այն շատ արագ կդատարկվի: Ի՞նչ են անելու Ադրբեջանցիներն իրենց կուտակած զորքը, որը հիմա Արցախի շուրջ է: Այդ զորքերի կրճատելու ցրելու որևէ նշույլ չենք տեսնում, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, իր բանակն արդիականացնել, բարեփոխումներ անել: Մեր մոտ խոսեցին, բարեփոխումները հերթական դրոշը սարքեցին և բանակը քանդեցին»:
Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի սահմաններին սահմանապահներ կանգնեցնելու Փաշինյանի հայտարարությանը՝ ռազմական փորձագետն ասաց. «Այդ դեմագոգիայի մեջ պետք չէ խորանալ, սիրուն մտքեր են գցում դաշտ, բայց նույն Ադրբեջանի սահմանապահները և մեր սահմանապահները, լրիվ տարբեր կարգի զինված ուժեր են: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութունն, ըստ էության, նրա երկրորդ բանակն է: Նրանք դիվիզիաներով են՝ զինված լինելով զրահատեխնիկայով, հրետանիյով, սեփական օդուժով: Օրինակ «Հարոպ» հարվածային ԱԹՍ-ներն առաջինն ադրբեջանական սահմանապահներն էին ստանում:
Մինչև 44 օրյա պատերազմը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը 15 հազարանոց զինված ուժեր էին, գրեթե Պաշտպանության բանակի չափ: Նույն ադրբեջանը նաև Վրաստանի հետ ունի կոնֆլիկտ և մտել է այնտեղ, ականապատել որոշ տարածներ: Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ բարձունք են գրավել:
Եկեք ինքներս մեզ չխաբենք, թե այնտեղ սահմանապահ կկանգնի: Հիշո՞ւմ եք, որ դեռ 2018 թվականին ասում էին, որ Ադրբեջանը մեր արևելյան սահմանների մոտ մոտեցրել է սահմանապահների, և վստահեցնում էին, որ այն խաղաղության օրագարգ է նշանակում: Ո՛չ, այն դրա համար չէր: Սահմանապահներին բերեցին, փոխարենն ազատված զորքը դեպի Արցախ տարան: Տավուշի հատվածում բերեցին սահմանապահներին, որը քիչ էր տարբերվում զինված ուժերից, բայց այնտեղ ազատվեց ծանր տեխնիկա Արցախի վրա հարձակվելու համար: Այն շատ լավ հասկացել էին ՀԱՊԿ-ում: Պատերազմից առաջ զորավարժության սցենարի հրապարակում եղավ, որը ՀԱՊԿ-ն էր առաջարկել այստեղ անել, բայց ՀՀ անվտանգության խորհուրդն էլ ինչ-որ հեքիաթ էր ընկալել: Բայց առաջարկված սցենարում գրված էր, որ սահմանապահների բերելը և զորքը հետ քաշելը իրականում ոչ թե խաղաղության նշան էր, այլ՝ պատրաստվող պատերազմի:
Այդ ամեն ինչը կա, բայց այդ մասին չեն խոսում, հիմա մեզ փորձում են հեքիաթներ պատմել, թե Ադրբեջանը խաղաղության է պատրաստվում:
Բայց ախր դա էլ չեն ասում, ասում են՝ Ադրբեջանը տրամադրված չէ խաղաղության, բայց մենք տրամադրված ենք: Այսի՞նքը, ինչպե՞ս է այն լինելու: Պատկերացրեք փողոցով քայլում եք, մեկը մուրճով ձեր հետևից վազում է՝ հիստերիկ գորգռալով, դու էլ ասում ես, որ տրամադրված չես կոնֆլիկտի: Բայց ինքը տրամադրված է ու մուրճն էլ իր ձեռքն է»: