Հայաստանում Շմիդտի համախտանիշով կինը հղիացել և առողջ երեխա է ունեցել
Առողջություն
09:10 21/04/2022
Հայաստան

Հայաստանում Շմիդտի համախտանիշով կինը հղիացել և առողջ երեխա է ունեցել

30 ամյա կինը  «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 9 շաբաթականում, Շմիդտի համախտանիշ ախտորոշմամբ,  կյանքին սպառնացող վտանգով:

ԲԿ-ից մանրամասնում են, որ Շմիդտի համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է մակերիկամային անբավարարություն, հիպոպարաթիրեոզ, լիմֆոցիտար թիրեոիդիտ, սեռական հորմոնների անբավարարություն, երբեմն՝ 1-ին տիպի շաքարային դիաբետ:
Այս համախտանիշը,  որպես կանոն, առաջացնում է անպտղություն` քրոնիկ անօվուլյացիայի ֆոնին: Նույնիսկ բժշկական գրականության մեջ շատ քիչ են նկարագրված  հղիության դեպքերը, իսկ հազվադեպ հղիությունը ռիսկ է կնոջ կյանքի համար:

Հղիությունից առաջ կինը 2 անգամ  ծանր ադրենալային կրիզ էր ունեցել՝ ուղեղային արյան շրջանառության սուր խանգարմամբ և բուժում ստացել «Էրեբունի» ԲԿ-ում:

Բացի այդ, նախկինոևւմ ունեցել էր մեկ չզարգացող հղիություն և մեկ վիժում: Չնայած այս բոլոր խնդիրներին՝  կինը որոշել էր հղիանալ:

Հղիության ընթացքում կինը գտնվել է բժշկական խիստ հսկողության տակ: Հղիությունը վարել է ծննդատան Կանանց առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Ահարոնյանը: Ամբողջ ընթացքում հղիության ընդհատման մեծ ռիսկ կար, սակայն մասնագետներին հաջողվեց պահպանել այն:  

35 շաբաթական ժամկետում, սակայն,  կրկնվել էր ադրենալինային կրիզը և հղին շտապ հոսպիտալացվել է:  Հրավիրվել է կոնսիլիում՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ,   ծնարանային բաժանմունքի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի եվ մի շարք նեղ մասնագետների մասնակցությամբ:

Որոշվել է կատարել   կեսարյան հատում  շտապ կարգով` կյանքի ցուցումով: Վիրահատությունն իրականացրել են  բժիշկներ Տիգրան Հովհաննիսյանը և  Անի Ահարոնյանը՝   անեսթեզիոլոգիայի ծառայության ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ:  

Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների: Լույս աշխարհ է եկել  2 կգ 800 գ քաշով առողջ տղա երեխա:

Placeholder
Հայաստանում Շմիդտի համախտանիշով կինը հղիացել և առողջ երեխա է ունեցել